Բաժին. Բիզնես

ՀայՓոստը գործարկել է իր չատբոտը Viber մեսինջերում

ՀայՓոստը հայտարարում է Viber մեսինջերում իր չատբոտի գործարկման մասին: Այն նպատակ ունի բարելավել հաճախորդների սպասարկման որակը, ավտոմատացնել մի շարք գործընթացներ և հաճախորդներին տրամադրել ավելի մեծ հնարավորություններ և հարմարավետություն ՀայՓոստի ծառայություններից օգտվելիս:

ՀայՓոստի չատբոտում հաճախորդները կարող են օգտվել բազմաթիվ օգտակար գործառույթներից՝ հաշվարկել առաքման արժեքը, տեսնել տարբեր ծառայությունների սակագները, հետևել փաթեթի կարգավիճակին և կապվել օպերատորի հետ, ինչը զգալիորեն խնայում է ժամանակը և թույլ է տալիս առցանց ծառայություններ ստանալ հաճախորդի համար հարմար պահին: Չատբոտում կարելի է նաև տեղեկատվություն ստանալ ընթացիկ թափուր աշխատատեղերի և ծանրոցներ ուղարկելու սահմանափակումների մասին: ՀայՓոստի չատբոտը հասանելի է երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն:

ՀայՓոստի Պրոդուկտների կառավարման և զարգացման բաժնի ղեկավար Գրիգոր Բաղդագուլյանը շնորհակալություն հայտնեց Viber մեսինջերի գործընկերներին և նշեց,- «ՀայՓոստը մշտապես բարելավում և հաճախորդի կարիքների հիման վրա է կառուցում իր ծառայությունները: Viber-ի հետ այս համագործակցությունը թվային լուծումներով սպասարկման ևս մեկ հնարավորություն է մեր հաճախորդների համար: Այսուհետ ՀայՓոստի հաճախորդները կարող են ստանալ ակնթարթային սպասարկում մեր պրոֆեսիոնալ օպերատորների կողմից նաև Viber մեսինջերով»:

Նշենք, որ Viber-ը Հայաստանում ամենատարածված մեսինջեր հարթակներից է, ուստի համագործակցության արդյունքով ՀայՓոստի հաճախորդների ավելի մեծ սպեկտոր կկարողանա սպասարկվել թվային լուծումներով:

ՀայՓոստը շարունակում է զարգացնել թվային ուղիներով սպասարկման և ինքնասպասարկման հնարավորությունները՝ ընտրելով հաճախորդների համար ավելի հարմար և հասանելի կապի միջոցներ։

Viber-ը զանգերի և հաղորդագրությունների փոխանցման ծրագիր է, որը թույլ է տալիս մարդկանց լինել կապի մեջ որտեղ էլ որ լինեն: Ամբողջ աշխարհում մեր օգտատերերը միմյանց անվճար տեքստային հաղորդագրություններ են ուղարկում, տեսազանգեր են անում, խմբային չատերում զրուցում, շփվում են իրենց նախընտրած բրենդների և հայտնիների հետ, և հետևում են թարմացումներին: Մենք երաշխավորում ենք մեր հավելվածի օգտվողներին հաղորդակցության ազատությունն ու անվտանգությունը: Viber- ը էլեկտրոնային առևտրի և ֆինանսական ծառայությունների համաշխարհային առաջատար Rakuten Inc.- ի մասն է: Հավելվածը հանդես է գալիս որպես «Barcelona» ֆուտբոլային ակումբի պաշտոնական մեսինջերը և «Golden State Warriors» բասկետբոլային ակումբի զանգերի և հաղորդագրությունների պաշտոնական հավելվածը:

«ՀայՓոստ» փակ բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է: 1992թ.-ից «ՀայՓոստ» ՓԲԸն դարձել է Միացյալ ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալության` Համաշխարհային փոստային միության անդամ՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային փոստային համագործակցության ասպարեզում: «ՀայՓոստ» ՓԲԸն ողջ ՀՀ-ում ունի գրեթե 850 փոստային բաժանմունք, մատուցում է փոստային, կորպորատիվ և ֆինանսական ծառայություններ:

 

Share