Բիզնես

Ամենահարուստ ռուսաստանցիների կարողությունն աճել է 65,6 միլիարդ դոլարով

Ռուսաստանցի միլիարդատերերի միագումար կարողությունը տարեսկզբից աճել է 65,63 միլիարդ դոլարով, իսկ ամենից շատ հարստացել է «Նովատէկ»-ի համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնը: Այդ մասին վկայում են ՌԻԱ Նովոստիի հաշվարկները, որոնք հիմնված են Bloomberg Billionaires Index-ի (BBI) վարկանիշի տվյալների վրա:

Ինդեքսը հաշվարկվում է ընկերությունների բաժնետոմսերի արժեքի հիման վրա, որտեղ միլիարդատերերը բաժիններ ունեն: Ընդամենը BBI-ի վարկանիշը ներառում է աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց: Ներկայում նրանում տեղ է գտել ՌԴ-ի 27 քաղաքացի: Տարվա սկզբից ի վեր հարստության ամենազգալի աճը (8,58 միլիարդ դոլարով) գրանցվել է Միխելսոնի մոտ, ինչի շնորհիվ նա ռուսաստանցի միլիարդատերերի շրջանում զբաղեցնում է վարկանիշի առաջին հորիզոնականը. նրա կարողությունը հասնում է 33,3 միլիարդ դոլարի:

Նաեւ զգալիորեն ավելացել է «Լուկօյլ»-ի համասեփականատեր Վագիթ Ալեքպերովի կարողությունը (7,25 միլիարդ դոլարով)՝ հասնելով 24,5 միլիարդի: Ընդ որում նա զբաղեցնում է վարկանիշի հինգերորդ հորիզոնականը:

Վարկանիշի երկրորդ դիրքն զբաղեցնում է «Նորնիկել»-ի հիմնական սեփականատերերից մեկը՝ Վլադիմիր Պոտանինը. տարեսկզբից նա հարստացել է 1,76 միլիարդ դոլարով, նրա կարողությունը կազմում է 31,8 միլիարդ դոլար: Երրորդ տեղն զբաղեցնում է «Սեւերստալ»-ի հիմնական սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովը. նրա կարողությունը տարվա սկզբից ավելացել է 5,76 միլիարդ դոլարով՝ հասնելով 28,8 միլիարդի: Վարկանիշի չորրորդ հորիզոնականն զբաղեցրել է Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի (ՆԼՄԿ) շահառու Վլադիմիր Լիսինը, որի կարողությունն աճել է 4,7 միլիարդով՝ հասնելով 28,6 միլիարդ դոլարի:

Ցուցակում վեցերորդը դարձել է Գենադի Տիմչենկոն, որը «Նովատէկ»-ում եւ «Սիբուր»-ում բաժնետեր է (23,3 միլիարդ դոլար), նա հարստացել է 6,67 միլիարդ դոլարով: Յոթերորդ տեղն զբաղեցրել է Ալիշեր Ուսմանովը («Մետալոինվեստ», «Մեգաֆոն»). տարեսկզբից նրա կարողությունն աճել է 644 միլիոն դոլարով, իսկ այժմ նրա կարողությունը հասնում է 21,8 միլիարդ դոլարի մակարդակին: Ութերորդ եւ իններորդ դիրքերում հայտնվել են Ռոման Աբրամովիչը (Evraz) եւ «Ռենովա»-ի հիմնական սեփականատեր Վիկտոր Վեկսելբերգը. նրանց կարողությունն ավելացել է 440 միլիոնով եւ 2,42 միլիարդ դոլարով՝ հասնելով 18,9 միլիարդի եւ 18,5 միլիարդի՝ համապատասխանաբար:

Միլիարդատերերի տասնյակը եզրափակում է «Եվրոխիմ»-ի եւ Սիբիրի ածխաէներգետիկական ընկերության (ՍԱԷԸ) շահառու Անդրեյ Մելնիչենկոն, որի կարողությունն ավելացել է 194 միլիոն դոլարով՝ հասնելով 18,3 միլիարդի: Իսկ Wildberries ինտերնետ-խանութի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը միակն է դարձել, որի կարողությունը նվազել է: տարեսկզբից նա կորցրել է 1,13 միլիարդ դոլար, իսկ նրա կարողությունը գնահատվում է 7,96 միլիարդ դոլար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Share