Բիզնես

Իլոն Մասքն այս շաբաթ 5 մլրդ դոլար ընդհանուր գումարի Tesla-ի բաժնետոմսեր է վաճառել

Tesla-ի հիմնադիր եւ ղեկավար Իլոն Մասքն այս շաբաթ վաճառել է ընկերության՝ մոտավորապես 5 մլրդ դոլար ընդհանուր գումարի բաժնետոմսեր:

Նոյեմբերի 8-ին նա իրացրել է Tesla-ի արժեթղթերի գնման ավելի քան 2 միլիոն օպցիոն, որոնք նա ստացել է որպես վարձատրություն, ինչը կազմել է 2,5 միլիարդ դոլար ընդհանուր գումար:

Նրա ծախսերը, որոնք կապված են օպցիոնների հետ, կազմել են մոտավորապես 13,4 միլիոն դոլար: Այդ նույն օրը նա Tesla-ի ավելի քան 900 հազար բաժնետոմսեր է վաճառել 1135 դոլարից մինչեւ 1196 դոլար գնով:

Ընկերության հաղորդագրության մեջ նշվում Է, որ արժեթղթերը վաճառվել են բացառապես հարկային վճարումներ կատարելու համար միջոցներ ներգրավելու նպատակով, որոնք կապված են օպցիոնների իրացման հետ:

Նոյեմբերի 8-ին վաճառված բաժնետոմսերը կազմում են Tesla-ում Մասքի բաժնի 1 տոկոսից պակաս մասը, դրանց իրացումը պլանավորված է եղել դեռ սեպտեմբերին, ինչի մասին ընկերության ղեկավարը հրապարակորեն հայտարարել Էր:

Հաջորդ երկու օրերին նա վաճառել է իր փաթեթի եւս մոտավորապես 2 տոկոսը, հաղորդել է ընկերությունը: Այս դեպքում խոսքը նախապես պլանավորված վաճառքների մասին չԷ, գրում է The Wall Street Journal-ը:

Ընդհանուր առմամբ երեք օրվա ընթացքում Մասքը վաճառել է Tesla-ի շուրջ 4,5 միլիոն բաժնետոմս: Անցած հանգստյան օրերին գործարարը խոստացել է վաճառել Tesla-ի՝ իրեն պատկանող բաժնետոմսերի 10 տոկոսը, եթե նման քայլի օգտին քվեարկեն Twitter-ի օգտատերերը: Սոցցանցում անցկացված հարցման արդյունքներով՝ նա պետք է իրացնի այդ փաթեթը:

Նախքան այս շաբաթը Մասքին պատկանել է Tesla-ի բաժնետոմսերի ավելի քան 17 տոկոսը, եւ նրա բաժնի արժեքը գնահատվել է ավելի քան 200 միլիարդ դոլար, իսկ իր 10-տոկոսանոց փաթեթը՝ գրեթե 21 միլիարդ դոլար: Tesla-ի բաժնետոմսերը 5 տոկոսով Էժանացել են նոյեմբերի 8-ին եւ գրեթե 12 տոկոսով՝ նոյեմբերի 9-ին:

Նոյեմբերի 10-ին ընկերության արժեթղթերը թանկացել են 4,3 տոկոսով եւ գինն ավելի քան 2 տոկսով աճել է լրացուցիչ սակարկությունների ընթացքում՝ Մասքի կողմից բաժնետոմսերի վաճառքի մասին տեղեկատվության հայտնվելուց հետո, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Share