Բաժին. Բիզնես

Flyone Armenia-ն ստացել է ICAO-ի IATA-ի նույնականացման ծածկագրերը

Flyone Armenia ավիաընկերությունը 2021 թվականի նոյեմբերի 12-ին և 15-ին ստացել է Ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) և Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) նույնականացման ծածկագրերը: Դրանք թույլ են տալիս իրականացնել վաճառքի, սպասարկման գործընթացներ` անվտանգ, հարմարավետ միջազգային օդային փոխադրումների համար՝ ICAO-ի և IATA-ի սահմանած ստանդարտներին համապատասխան:

«Ուրախ ենք, որ ICAO-ի և IATA-ի ծածկագրերի ձեռքբերմամբ էլ ավելի ենք մոտենում մեր նպատակին՝ օր առաջ Հայաստանի քաղաքացիների և զբոսաշրջիկների համար անվտանգ, հասանելի ու որակյալ ծառայություններ մատուցելու հնարավորությանը։  Կարծում եմ, որ շուտով մեր ուղևորները կկարողանան օգտվել Flyone Armenia-ի ծառայությունների և սպասարկման բարձր որակի ստանդարտներից»,-ասել է ընկերության տնօրեն Միրչա Մալեկան:

Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից։ Դրանք նախատեսված են 180 նստատեղի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին: Նաև` համաճարակի պայմաններում ինքնաթիռները հագեցված են HEPA օդային զտիչներով, որոնք ոչնչացնում են վիրուսների և բակտերիաների 99,97%-ը:

Ավիաընկերությունը առաջիկայում կսկսի տոմսերի վաճառքն ու ծրագրում է թռիչքներ իրականացնել Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայանից:

Share