Բաժին. Բիզնես

Apple-ը դադարեցրել է ապրանքների վաճառքը Թուրքիայում, պատճառը լիրայի արժեզրկումն է

Apple ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է իր ապրանքների վաճառքը Թուրքիայում՝ կապված թուրքական լիրայի գրանցած հերթական ռեկորդային անկման հետ:

Թեպետ Apple-ի առցանց խանութը շարունակում է Թուրքիայում հասանելի լինել, սակայն ընկերությունը թույլ չի տալիս գրանցել որևէ նոր պատվեր կամ ապրանք ավելացնել գնորդի զամբյուղի մեջ:

Թուրքական լիրան նոյեմբերի 23-ին գրանցել է անկման հերթական ռեկորդը. մեկ դոլարի համեմատ լիրան արժեզրկվել է՝ հասնելով 13․5-ի: Վերջին մեկ տարում լիրան արժեզրկվել է մոտ 45  տոկոսով:

Լիրայի կայունացման նպատակով նախորդ շաբաթ Թուրքիայի Կենտրոնական բանկն իջեցրել էր առանցքային տոկոսադրույքներից մեկը: Տոկոսադրույքի իջեցման ակտիվ ջատագովներից է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով տոկոսադրույքներն անվանում է «ազգի դժբախտությունը»: ԿԲ-ն իր հերթին փորձում է համոզել իշխանություններին, որ տոկոսադրույքների նվազեցումը լուծում չէ, և այն բացասաբար է ազդելու ֆինանսական ցուցանիշների վրա:

Լիրայի անկման ֆոնին թուրքական ընդդիմությունը սկսել է բարձրացնել արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության հարցը՝ պնդելով, որ երկրի ներկայիս իշխանություններն ի զորու չեն լուծելու տնտեսական խնդիրները: Էրդողանը, սակայն, բացառել է արտահերթ ընտրությունների հնարավորությունը՝ հայտարարելով, որ դրանք տեղի կունենան իրենց ժամանակին՝ 2023 թվականին:

Share