Բաժին. Բիզնես

Կստեղծվի Կանանց տնտեսական ներուժի հզորացման ազգային պլատֆորմ

Կառավարությունն ընդունել է որոշում՝ կանանց ձեռնարկատիրության և զբաղունակության զարգացման աքսելերատորի` «Աքսելերատոր#5. կանանց տնտեսական ներուժի հզորացման ազգային պլատֆորմ»-ի ստեղծման նպատակով ֆինանսական միջոցների ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Աքսելերատորի ստեղծման համար կհատկացվի 80 մլն ՀՀ դրամ: Հիմնավորման համաձայն՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 430 հազար ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 205 մլն ՀՀ դրամ, որից ՄԱԶԾ-ի ֆինանսավորումը կկազմի՝ 105,000 ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 50 մլն ՀՀ դրամ, ՀՀ ԱՀՍՆ-ի համաֆինանսավորումը՝ շուրջ 157,000 ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 75 մլն ՀՀ դրամ, շուրջ 168 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 80 մլն ՀՀ դրամը նախատեսվում է հատկացնել ՀՀ պետական բյուջեի «Աջակցություն ՓՄՁ ձեռնարկատիրությանը» ծրագրի միջոցներից։ Ի հավելումն իր ներդրման, ՄԱԶԾ-ն ծրագրի իրականացման հաջորդող տարիներին կներդնի լրացուցիչ գումարներ համադրելով զուգահեռ ֆինանսավորման և թիրախային ֆինանսավորման գործիքակազմեր։ Մինչև 2025թ.-ը նախատեսվում է ՄԱԶԾ-ի կողմից Աքսելերատոր#5-ը փոխանցել ՀՀ կառավարությանը։ Աքսելերատորի նպատակն է կանանց տնտեսական ներուժի իրացումը և այն ուղղված է լինելու կանանց ձեռներեցության խթանմանը և աշխատաշուկայում կանանց պահանջվածության մակարդակի բարձրացմանը՝ վերջիններիս մրցակցային առավելությունների ընդգծման միջոցով։ Ստեղծմանը զուգահեռ՝ 2021-2022թթ. ընթացքում Աքսելերատոր#5-ը փորձնական կարգով կիրականացնի աքսելերացիոն ծրագրեր՝ ուղղված առնվազն 50 սկսնակ և 50 գործող կին ձեռներեցների ու 250 ցածր տնտեսական կարողություն ունեցող կանանց տնտեսական զորացմանը։

Share