Բիզնես

Hyundai-ն նոր մոդելի ավտոմոբիլներ կարտադրի Ռուսաստանի գործարանում

Hyundai ավտոկոնցեռնը մտադիր է Tuscon, Palisade եւ Kia Sportage մոդելների ավտոմոբիլներ արտադրել իր ռուսաստանյան գործարանում. ընկերության գործող հատուկ ներդրումային պարտավորագրի (ՀՆՊ) համապատասխան լրացուցիչ համաձայնագրին հավանություն է տրվել միջգերատեսչական հանձնաժողովի կողմից:

Այդ մասին հաղորդել են ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունում: Այժմ այդ մոդելները հավաքում են Կալինինգրադի «Ավտոտոր» գործարանում: «Կոմերսանտ» թերթի տվյալներով՝ խոսքն  արտադրությունն ընկերության նոր սեփական հարթակ՝ Շուշարիի General Motors-ի նախկին գործարան տեղափոխելու մասին է: «Հենդե Մոտոր Մանուֆակտուրինգ Ռուս» ՍՊԸ-ի հետ լրացուցիչ համաձայնագիրը ենթադրում է արտադրանքի անվանացուցակի մեջ ներառել Tuscon, Palisade եւ Kia Sportage նոր մոդելների ավտոմոբիլները:

Ներդրումների միագումար ծավալը 16 միլիարդ ռուբլուց կմեծանա մինչեւ 52,8 միլիարդ ռուբլի»,-պատմել են ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունում: Դրա հետ մեկտեղ հարկերի վճարման, դրամական մուտքերի, ապահովագրության մուծումների եւ մաքսատուրքերի հարցով ընկերության միագումար պարտավորությունները կկազմեն ոչ պակաս, քան 439 միլիարդ ռուբլի, ճշտել են նախարարությունում: Արդյունաբերության եւ առեւտրի նախարարության առաջին փոխղեկավար Վասիլի Օսմակովի խոսքով՝ ընկերության լրացուցիչ համաձայնագիրը հաստատում է ՀՆՊ-ի արդյունավետությունը՝ որպես բարձրտեխնոլոգիական նախագծերում ներդրմանն աջակցելու գործիք: Hyundai-ը երկու արտադրական հարթակ ունի Սանկտ Պետերբուրգի մերձակայքում՝ «Հենդե Մոտոր Մանուֆակտուրինգ Ռուս»-ը եւ General Motors-ի նախկին գործարանը, որն ընկերությունը ձեռք է բերել անցյալ տարի: Ռուսաստանում ընկերության վաճառքներն ընթացիկ տարվա 11 ամսում աճել են 9 տոկոսով՝ մինչեւ 159,7 հազար հատ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Share