Բիզնես

Իլոն Մասքը նոյեմբերի սկզբից ի վեր Tesla-ի 15 միլիարդ դոլար գումարի բաժնետոմս է վաճառել

Tesla-ի հիմնադիր եւ ղեկավար Իլոն Մասքը նոյեմբերի սկզբից ի վեր վաճառել է ընկերության մոտավորապես 15 միլիարդ դոլար ընդհանուր գումարի բաժնետոմս: Այդ մասին են վկայում բորսային փաստաթղթերը:

Դեկտեմբերի 22-ին Մասքը վաճառել է Tesla-ի ավելի քան 934 հազար բաժնետոմս, որի գումարը կազմում է 1,2 միլիարդ դոլարից փոքր-ինչ ավելի:

Այսպիսով, բորսային փաստաթղթերի հիման վրա ՌԻԱ Նովոստիի հաշվարկների համաձայն, Tesla-ի բաժնետոմսերի վաճառքի մասին հայտարարելու պահից ի վեր դրանց ընդհանուր գումարը կազմել է 15,1 միլիարդ դոլար:

Մասքն սկսել է Tesla-ի բաժնետոմսերը վաճառել նոյեմբերի 11-ից. այդ ժամանակ նա 4,5 միլիոն բաժնետոմս է վաճառել 5 միլիարդ դոլար ընդհանուր գումարի իր փաթեթից:

Դեկտեմբերի 22-ի դրությամբ, ՌԻԱ Նովոստիի հաշվարկների համաձայն, բաժնետոմսերի վաճառքից ստացված ընդհանուր գումարը կազմել է 13,9 միլիարդ դոլար: Անցած ամսին Մասքը Twitter-ում գրել էր, որ վերջին ժամանակներս շատ է խոսվում չիրականացված շահույթի մասին՝ որպես հարկերի վճարումից խուսափելու միջոց:

Ուստի նա առաջարկել է վաճառել Tesla-ի իր բաժնետոմսերի 10 տոկոսը եւ հայտարարել, որ որոշումը կընդունի ինտերնետ-օգտատերերի հարցման արդյունքների հիման վրա՝ ինչպիսին էլ լինի այդ արդյունքը:

Քվեարկությանը մասնակցել է Twitter-ի մոտավորապես 3,5 միլիոն օգտատեր, որոնց շուրջ 58 տոկոսն աջակցել է արժեթղթերի վաճառքին: Tesla Motors ամերիկյան ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին՝ որպես էլեկտրամոբիլների եւ դրանց հետ կապված տեխնոլոգիաների մշակող ու արտադրող:

Ընկերության կենտրոնակայանը գտնվում է Փալո-Ալթոյում (ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգ): Բացի էլեկտրամոբիլներից, ընկերությունը սեփական տեխնոլոգիայով արտադրում է մարտկոցներ ու էլեկտրաշարժիչներ եւ դրանք վաճառում ավտոմոբիլային այլ ընկերությունների, մասնավորապես, Toyota-ին ու Daimler-ին:

Share