Բիզնես

ՀայՓոստը և Վայլդբերիզը համագործակցության հուշագիր ստորագրեցին

Դեկտեմբերի 27-ին ՀայՓոստը ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում համագործակցության հուշագիր ստորագրեց ռուսաստանյան առցանց առևտրի խոշորագույն հարթակի՝  Վայլդբերիզի (Wildberries)  հետ: Հուշագիրը ստորագրեցին ՀայՓոստ ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը և Վայլդբերրիզ ՍՊԸ հիմնադիր և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը:

Ըստ հուշագրի, կողմերը պետք է համագործակցեն էլեկտրոնային առևտրի և փոստային կապի ոլորտներում: Ռուսաստանի էլեկտրոնային առևտրի խոշորագույն ցանցի՝ Վայլդբերիզի հանձնման կետեր կստեղծվեն ՀայՓոստի բաժանմունքներում: ՀայՓոստի մասնակցությամբ Հայաստանում կիրականացվի ներդրումային մեծ ծրագիր, կստեղծվի համատեղ լոգիստիկ կենտրոն: Նախատեսվում է նաև Վայլդբերիզի ցանցով վաճառվող ապրանքներն այլ երկրներ արտահանելու համար լոգիստիկ շղթայի համատեղ կառուցում, ինչը կնպաստի նաև հայկական արտադրանքի վաճառքին Վայլդբերիզի ցանցով:

Տատյանա Բակալչուկն իր խոսքում նշեց, որ ՀայՓոստը դառնում է Վայլդբերիզի ռազմավարական գործընկերը, և այդ համագործակցությունից պետք է սպասել երկուստեք դրական զարգացումներ:

Ինչպես նշեց ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը. «Վայլդբերիզի հետ համագործակցությունը շատ ուժեղ խթան կդառնա Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման համար: Մենք արդեն մեկ տարի է, ինչ աշխատում ենք այս ուղղությամբ և 2022 թ. առաջին եռամսյակում արդեն կունենանք Վայլդբերիզի հանձնման 40 կետեր ՀայՓոստի բաժանմունքներում: Շատ էական է, որ խոշարագույն այս ընկերությունը որոշ հատվածներում կօգտվի հայկական թվային արտադրանքից: Կարևոր է նաև, որ հայկական բազմաթիվ ապրանքանիշեր կկարողանան օգտվել Վայլդբերիզի ցանցի ընձեռած հնարավորություններից»:

Նախատեսվում է նաև ՀայՓոստի «iNovation» դուստր ձեռնարկության թվային լուծումների և արտադրանքի կիրառում Վայլդբերիզի ցանցում:

Վայլդբերիզ ընկերությունը էլեկտրոնային առևտրի առաջատարն է ԵԱՏՄ տարածքում, որի շրջանառությունը 2020թ. կազմել է շուրջ 6 մլրդ ԱՄՆ դոլար և գործունեություն է ծավալում 19 երկրներում: Ընկերության տվյալներով՝ 2020 թվականին շրջանառությունը աճել է 96 %-ով՝ մինչև 437,2 մլրդ ռուբլի։  2021 թվականին ռուսական Forbes ամսագիրը ընկերության հիմնադիր Տատյանա Բակալչուկին ընդգրկել է երազատես գործարարների վարկանիշում, որոնք գործ են սկսել զրոյից և փոխել են Ռուսաստանի և աշխարհի կյանքը։ Նույն թվականի փետրվարին ընկերության արժեքը Forbes-ը գնահատում էր 13 մլրդ ԱՄՆ դոլար (2-րդ տեղը Ռունետում)։ 2020 թվականին Boston Consulting Group-ը WildBerries-ը ներառել է TOP-100 միջազգային տեխնոլոգիական ընկերություններում՝ ՏՏ համաշխարհային առաջատարության հավակնորդ Mail.ru Group-ի, Playrix-ի, Yandex-ի, Tinkoff Bank-ի և 1C-ի հետ միասին։ Apple ընկերությունը նաև Wildberries հավելվածը ներառել է App Store-ում 2020 թվականի արդյունքներով առավել մեծ ժողովրդականություն վայելող հավելվածների շարքում։ 

«ՀայՓոստ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է: 1992թ.-ից «ՀայՓոստ» ՓԲԸ-ն դարձել է Միացյալ ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալության` Համաշխարհային փոստային միության անդամ՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային փոստային համագործակցության ասպարեզում: «ՀայՓոստ» ՓԲԸ-ն ողջ ՀՀ-ում ունի ավելի քան 850 փոստային բաժանմունք, մատուցում է փոստային, կորպորատիվ և ֆինանսական ծառայություններ:

Share