Բիզնես

ՀայՓոստը ստացել է 2021թ. նորարարության մրցույթում հատուկ մրցանակ

ՀայՓոստ ընկերությունը մասնակցել է ՓոստԵվրոպի կողմից հայտարարված 2021թ. նորարարության մրցույթին և ստացել փոստային ոլորտում նորարարության հատուկ մրցանակ:

Նորարարության մրցույթի նպատակն է խթանել նորարարական հայեցակարգերը, գաղափարները, ինչպես նաև բացահայտել Եվրոպայի փոստային օպերատորների առաջարկած նորարարական լուծումները:

Ինչպես նշում է ՀայՓոստ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը,- «Շնորհակալ ենք ՓոստԵվրոպին 2021թ. նորարարության մրցույթում ՀայՓոստին ընդգրկելու համար: Մեր HayPost Pay էլեկտրոնային դրամապանակը փոստային ոլորտում նորարարություն է անգամ Եվրոպայում: HayPost Pay-ը յուրահատուկ է նրանով, որ համադրում է և՛ փոստային, և՛ ֆինանասական ծառայությունները»:

ՀայՓոստի փոստային ֆինանսական ծառայությունների տնօրեն Էլիզա Ղալթախչյանը նշում է,- «ՀայՓոստը առաջնորդվում է թվային լինելը որպես առաջնահերթություն սկզբունքով: Համավարակի մարտահրավերներին արձագանքելու համար որոշեցինք գործարկել HayPost Pay էլեկտրոնային դրամապանակը և մեր հաճախորդներին առաջարկել այլընտրանքային լուծում»:

Հիշեցնենք, որ HayPost Pay դրամապանակով կարելի է իրականացնել կոմունալ, գույքահարկի վճարումները, վճարել բջջային կապի, ինտերնետի, աղբահանության և մի շարք այլ ծառայությունների համար, ինչպես նաև կատարել փոխանցումներ բանկային քարտերին:

ՀայՓոստ ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է: 1992թ.-ից ՀայՓոստ ՓԲԸ-ն դարձել է Միացյալ ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալության` Համաշխարհային փոստային միության անդամ-կազմակերպություն՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային փոստային համագործակցության ասպարեզում: ՀայՓոստ ՓԲԸ-ն ողջ ՀՀ-ում ունի շուրջ 850 փոստային բաժանմունք, մատուցում է փոստային և ֆինանսական ծառայություններ:

Share