Բիզնես

ՀայՓոստը նշում է Հաճախորդների միջազգային օրը

ՀայՓոստ ընկերության ղեկավար անձնակազմը Հաճախորդների միջազգային օրվա առթիվ այցելում է շուրջ 60 փոստային բաժանմունք, զրուցում հաճախորդների հետ, ծանոթանում առկա խնդիրներին, առաջարկում լուծումներ և սպասարկման բարելավման ուղիներ:

Հաճախորդների հետ մշտական կապը ապահովելու համար՝ ՀայՓոստը վերջերս ներդրել է NPS համակարգը, որը մշակվել է ՀայՓոստի դուստր iNovation ընկերության բարձրակարգ ծրագրավորողների կողմից: NPS համակարգը հնարավորություն է տալիս հաճախորդների հետ իրական ժամանակում հետադարձ կապ ապահովել և արագ արձագանքել նրանց առաջարկներին և խնդիրներին:

ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը նշել է. «Շնորհավորում եմ մեր հաճախորդներին օրվա կապակցությամբ և շնորհակալ եմ ՀայՓոստի բազմատեսակ ծառայություններից օգտվելու համար: Մենք ընտրել ենք հաճախորդակենտրոն սպասարկման ռազմավարություն, իսկ հաճախորդների հետ կապը մշտապես ապահովելու նպատակով՝ ներդրել ենք NPS համակարգը, և գրեթե չորս ամսվա ընթացքում հաճախորդների գոհունակության ցուցանիշը  Երևանում աճել է 55 %-ով: Հաճախորդների հետ կապը օգնում է մեզ շարունակաբար բարելավել ծառայությունները և սպասարկման որակը»:

Ինչպես նշեց Փոստային բաժանմունքերի ցանցի տնօրեն Կարեն Մկրտումյանը.- «Ողջունում եմ բոլորին ՀայՓոստի 25-րդ վերաբրենդավորված բաժանմունքում: Մեր բաժանմունքները դարձել են ավելի հարմարավետ, նորարար և տեխնիկապես հագեցված: Տեխնոլոգիական  նոր լուծումներով և նոր ծրագրերով հագեցվում են ՀայՓոստի բոլոր բաժանմունքները, որի արդյունքում էապես բարելավվել է մեր սպասարկման որակը»:

ՀայՓոստի Հաճախորդների փորձառության կառավարման բաժնի տնօրեն Գոհար Թարխանյանը ներկայացրել է NPS համակարգը և գրանցված հաջողությունները՝ նշելով.- «ՀայՓոստ ընկերության ուշադրության կենտրոնում հաճախորդներն են, նրանց կողմից բարձրաձայնվող խնդիրներն ու առաջարկությունները, որոնք անհատապես լուծվում են, իրագործվում՝ բարձրացնելով մեր հաճախորդների գոհունակության մակարդակը: NPS համակարգի ներդրումից մինչ օրս հաճախորդներից ստացել և մշակել ենք ավելի քան 28,000 հետադարձ կապ՝ ապահովելով անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի առաջարկություններին»:

NPS համակարգը հնարավորություն է տալիս ծառայության մատուցման ավարտից հետո SMS հաղորդագրության միջոցով կապ հաստատել հաճախորդի հետ և կարճ հարցման արդյունքում գնահատել հաճախորդի լոյալությունը, ինչպես նաև գոհունակությունը տվյալ աշխատակցի սպասարկման որակից: NPS համակարգի միջոցով իրականացված հարցումները թույլ են տալիս վերհանել և լուծել յուրաքանչյուր հաճախորդի խնդիրները:

Share