Բիզնես

Իլոն Մասքը 2,64 միլիարդ դոլար է ծախսել Twitter-ի բաժնետոմսերը գնելու համար

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասքը 2,64 միլիարդ դոլար է ծախսել Twitter Inc-ի բաժնետոմսերը գնելու համար: Այդ մասին վկայում են փաստաթղթերը, որոնք ԱՄՆ-ի Արժեթղթերի եւ սակարանների հանձնաժողով (SEC) են ներկայացվել ապրիլի 5-ի երեկոյան:

Ընդ որում՝ նոր փաստաթուղթը միլիարդատերը ներկայացրել է 13D ձեւով, ինչը նշանակում Է, որ ներդրողը մտադրվում է ակտիվ մասնակցություն ունենալ ընկերության աշխատանքին: Նախորդ փաստաթուղթը , որն ուղարկվել է ապրիլի 4-ին, Մասքը տվել է 13G ձեւով, որը ենթադրում է ընկերությունում պասիվ բաժնի գրանցում, ինչը նշանակում Է, որ ներդրողը չի մտադրվում հսկողություն իրականացնել, նշում է CNBC-ն: Ապրիլի 5-ի տվյալներով՝ Մասքին պատկանում է Twitter-ի 73,115 միլիոն բաժնետոմս կամ 9,1 տոկոսը:

Ապրիլի 5-ին Twitter-ի բաժնետոմսերի սակարկությունների փակման պահի դրությամբ Մասքի բաժինը գնահատվում Էր 3,73 միլիարդ դոլար: Մասքն սկսել է բաժնետոմսեր գնել հունվարի վերջից եւ գործարքները կատարել է գրեթե ամեն օր: Առավել խոշոր գործարքը ներդրողը կատարել է փետրվարի 7-ին. նա գնել է 176 միլիոն դոլար գումարի ավելի քան 4,8 միլիոն բաժնետոմս, հետեւում է փաստաթղթերից:

Մինչդեռ նախօրյակին հայտնի է դարձել, որ Մասքը մտնելու է Twitter-ի տնօրենների խորհրդի կազմի մեջ: Առայժմ նա խորհրդի անդամ է, ընկերությունում նրա բաժինը չի կարող գերազանցել 14,9 տոկոսը: Անցած շաբաթ Մասքն ընկերության հարթակի իր օգտահաշվում հայտարարել Է, որ իրեն չի բավարարում այդ սոցցանցի մոտեցումը խոսքի ազատության նկատմամբ եւ ինքը «լրջորեն մտածում է» նոր հարթակ ստեղծելու մասին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Share