Բաժին. Բիզնես

ԱՏՁՄ. Երևանում տեղի կունենա սեմինար-քննարկում աշխարհահռչակ Latham & Watkins ընկերության կողմից

Ապրիլի 14-ին «Ալեքսանդր» հյուրանոցում տեղի կունենա Latham & Watkins իրավաբանական ընկերության ներկայացուցիչներ Ալեքս Վոքսմանի և Էդուարդ Գրիգորյանի սեմինարը «Raising a Unicorn: Legal and Business Tools for Successful Entrepreneurs» թեմայով։ Միջոցառման համակազմակերպիչ է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։

Սեմինարին կներկայացվեն յունիքորն ընկերության ստեղծման բիզնես և իրավական առանձնահատկությունները՝ ձևավորումից մինչև թողարկում (exit)։ Սեմինարից հետո կկազմակերպվի հարց ու պատասխան և ոչ ֆորմալ նեթվորքինգ բանախոսների հետ։ Սեմինարավարներից զատ բանախոսների թվում կլինի IntelinAir ընկերության համահիմնադիր և հրեշտակ ներդրող (angel investor) Ալ Եսայանը։ Նա կներկայացնի մի քանի բիզնես խորհուրդներ և կկիսվի հաջողակ բիզնեսներ կառուցելու իր փորձով:

«Ելնելով մեր փորձից՝ ամենահաջողակ տեխնոլոգիական ստարտափները հետևում են կոնկրետ ճանապարհային քարտեզի, որն ընդգրկում է կորպորատիվ կառուցվածքի մշակում, մտավոր սեփականության պաշտպանություն և աշխատակիցների, ներդրողների ու հաճախորդների հետ հարաբերությունների հաստատում ու կառավարում։ Այդ ճանապարհային քարտեզը ստեղծվել է առաջատար տեխնոլոգիական ստարտափների հիմնադիրների, վենչուրային հիմնադրամների և վերջիններիս խորհրդատուների կողմից և թույլ է տալիս զգալիորեն պարզեցնել կորպորատիվ կառավարումը և արագացնել ընկերության աճի տեմպերը», – նշում են կազմակերպիչները։

Իրավաբանների վերջնական նպատակն է մշակել պատրաստի փաթեթ՝ հատուկ հայկական ստարտափների համար, որը կօգնի վերջիններիս գտնել ֆինանսավորման հեշտ և արագ ուղիներ՝ միաժամանակ արդյունավետ տնօրինելով ծախսերը։ Որպես առաջին քայլ կազմակերպվել է այս տեղեկատվական սեմինարը հայ ձեռներեցների համար, որպեսզի տեղի ունենա փորձի և տեսլականի փոխանակում:

Սեմինարի ընթացքում նախատեսվում է ներկայացնել ընկերության պատշաճ կառուցվածքի ոչ այնքան հայտնի հիմունքները և ֆինանսավորման թեման՝ լավագույն վենչուրային հիմնադրամների ակնկալիքների տեսանկյունից։ Աշխատանքային լեզուն անգլերենն է։ Տեղերի սահմանափակ են, ուստի միջոցառմանն անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղմամբ։

Նշենք, որ Latham & Watkins ընկերությունն ունի 3000-ից ավել փաստաբաններ և 28 գրասենյակներ ամբողջ աշխարհում։  Փաստաբաններ Էդուարդ Գրիգորյանը և Ալեքս Վոքսմանն ԱՄՆ-ում և միջազգային շուկայում ներկայացնում են մի շարք հաճախորդների, որոնց թվում են թե՛ ընկերություններ, թե՛ առաջատար վենչուրային հիմնադրամներ։ Նրանք աջակցում են ընկերություններին կորպորատիվ զարգացման բոլոր փուլերում։

Share