Բիզնես

Իլոն Մասքն առաջարկել է 41.39 միլիարդ դոլարով գնել Twitter-ն ամբողջությամբ և դարձնել մասնավոր ընկերություն

Իլոն Մասքը ցանկանում է գնել Twitter-ի բոլոր բաժնետոմսերը։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից։

Մասքն առաջարկել է 41,39 միլիարդ դոլար կամ 54,20 դոլար՝ մեկ բաժնետոմսի համար։

Գործարարը պարզաբանել է, որ նախկինում ձեռք է բերել Twitter-ի բաժնետոմսեր, քանի որ կարծում է, որ այն կարող է դառնալ հարթակ, որը կհարգի խոսքի ազատության սկզբունքներն ամբողջ աշխարհում։

«Ընկերությունում ներդրումներ անելով հասկացա, որ այն իր ներկայիս տեսքով չի բարգավաճի, չի ծառայի նպատակին: Twitter-ը պետք է վերածվի մասնավոր ընկերության։ Դրա համար առաջարկում եմ գնել Twitter-ի բոլոր բաժնետոմսերը»,- ասվում է Մասքի հայտարարության մեջ։

Գործարարն իր առաջարկն անվանել է «լավագույնը» և նշել, որ այն վերջնական է։ Առաջարկի մերժման դեպքում նա «կվերանայի իր դիրքորոշումըէ որպես բաժնետեր»։

«Twitter-ն անհավանական ներուժ ունի: Ես կբացեմ այն»,- եզրափակել է Մասքը։

Twitter-ը գնելու նրա առաջարկից հետո ընկերության բաժնետոմսերն ապրիլի 14-ին Նյու Յորքի ֆոնդային բորսայում նախնական առուվաճառքի ժամանակ աճել են 18 տոկոսով՝ հասնելով 53,88 դոլարի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մասքը դարձել է Twitter-ի խոշոր բաժնետերերից մեկը՝ 9,2 տոկոս բաժնեմասով։ Ինչպես ապրիլի 4-ին հայտնել է ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը, գործարարին է պատկանում ընկերության գրեթե 73,5 միլիոն բաժնետոմս։ Ըստ Bloomberg-ի՝ նման փաթեթի արժեքը, ապրիլի 1-ին՝ առևտրաշրջանի փակման դրությամբ կարող է կազմել 2,89 մլրդ դոլար։

Ապրիլի 5-ին Twitter-ը որոշել է Մասքին ներառել տնօրենների խորհրդում, սակայն գործարարը հրաժարվել է։ Տնօրենների խորհրդին անդամակցելու դեպքում Մասքի պաշտոնավարման ընթացքում չէր կարող Twitter-ում իր մասնաբաժինը գերազանցել 14,9 տոկոսը, սակայն այժմ այդ սահմանափակումը չի տարածվում նրա վրա։

Share