Բիզնես

«Կասպերսկի» ընկերությունը թողարկել է Kaspersky Smart Home Security լուծումը

«Կասպերսկի» ընկերությունը շուկա է հանել Kaspersky Smart Home Security լուծումը, որը նախատեսված է ինտերնետ-պրովայդերների բաժանորդների տնային սարքավորումների պաշտպանության համար:

Ընկերությունը հայտնում է, որ այն թույլ կտա ապահովել խելացի տան սարքերի, այդ թվում ՝ ցանցին միացված բարձրախոսների, սմարթ-հեռուստացույցների, հսկողության տեսախցիկների կիբեռանվտանգությունը: Ինտերնետ-պրովայդերները կկարողանան լուծումը հեռավար տեղադրել միացման հայտ ներկայացրած օգտատիրոջ տան երթուղիչում։ Ընդ որում, անվտանգության պարամետրերը կառավարելու է երթուղիչի սեփականատերը՝ բջջային հավելվածի միջոցով։

Առավել հաճախ խելացի տան սարք են համարում խելացի լուսավորության, անվտանգության, տեսահսկման, ջեռուցման, վարագույրների կառավարման, ոռոգման համակարգերը, խելացի կողպեքները, բարձրախոսները, վարդակները, ռադիո- և տեսադայակները, ցանցին միացված կենցաղային տեխնիկան և փոշեկուլները: Բացի այդ, այս կատեգորիայում են երթուղիչները, սմարթ-ԹիՎի տեխնոլոգիայով հեռուստացույցները, խաղային կոնսոլները, կրվող, այդ թվում՝ բժշկական սարքերը: Kaspersky Smart Home Security-ի կազմում են ֆայլային հակավիրուսը, պաշտպանությունը տնային սարքերի նկատմամբ վերահսկողություն ստանալու փորձերից, բրուտֆորս-գրոհների (գաղտնաբառերն ընտրելու մեթոդով գրոհներ) և վնասաբեր կայքեր անցնելու փորձերի արգելափակման գործառույթը: Լուծումը կոչված է նվազեցնելու խելացի սարքերի վնասման, շորթող ծրագրերի գրոհների, կիբեռլրտեսության և օգտատիրոջ ֆիզիկական անվտանգության սպառնալիքի ռիսկերը:

Kaspersky Smart Home Security-ում կան նաև մանկական առցանց անվտանգության գործառույթներ. վեբ-զտիչ, որը թույլ կտա մեծահասակներին պաշտպանել երեխաներին անցանկալի բովանդակությունից, և էկրանի մոտ անցկացվող ժամանակի հսկողություն:

Այս լուծումը «Կասպերսկի» ընկերության՝ ինտերնետ-պրովայդերների համար նախատեսված լուծումների համալիր պորտֆելի մի մասն է։ Այն ներառում է նաև պրովայդերի ցանցի և վերջնական սարքերի մակարդակում օգտատերերի պաշտպանության պրոդուկտներ և լուծումներ: «Կասպերսկի» ընկերությունն իր լուծումները տրամադրում է ավելի քան 500 ինտերնետ-պրովայդերների ամբողջ աշխարհում և նրանց բաժանորդների անվտանգության ապահովման ռազմավարական գործընկերն է:

«Տան խելացի սարքերի ժողովրդականությունը տարեցտարի աճում է, և զուգահեռաբար ավելանում է նաև դրանց նկատմամբ սպառնալիքների թիվը։ Դրա հետ մեկտեղ, հիմնական պաշտպանության միջոցները, օրինակ, լռելյայն սահմանված գաղտնաբառերի փոփոխությունները, կարող են բավարար չլինել։ Ժամանակակից խելացի համակարգերը պետք է համալիր պաշտպանված լինեն կիբերսպառնալիքների լայն շրջանակից։ Kaspersky Smart Home Security-ի օգնությամբ պրովայդերները կկարողանան իրենց բաժանորդներին տրամադրել լուծում, որը թույլ է տալիս ապահովել խելացի տան անվտանգությունը»,- նշում Է «Կասպերսկի» ընկերության սպառողական շուկայի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Պիկկատ-Օրդինսկին։

 

 

 

 

Share