Բիզնես

ՀայՓոստը գործարկում է հայկական արտադրանքի խթանման և արտահանման նոր հարթակ՝ Արմոտեկա

ՀայՓոստը մեկնարկում է Արմոտեկա նոր առցանց հարթակը, որի նպատակն է  հայկական լավագույն արտադրանքը ավելի ճանաչելի ու հասանելի դարձնել և կազմակերպել դրանց առաքումը շուրջ 190 երկիր: Հայկական գինիներ, բուսական թեյեր, չրեր, համեմունքներ: Հայկական բույրեր և համեր հասանելի կլինեն աշխարհի տարբեր երկրների պատվիրատուներին: 

Արմոտեկա առցանց հարթակի միջոցով կարելի է պատվիրել հայկական գինիներ, քաղցրավենիք, մեղր, տարբեր մրգերից պատրաստված ջեմեր, պահածոներ, բուսական թեյեր: Հարթակում ներկայացված տեսականին կշարունակվի օրեցօր համալրվել։

ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը նշում է,- «Արմոտեկան հարթակ է ոչ միայն Հայաստանից դուրս ապրող հայերի համար, այլ բոլորի, ովքեր գնահատում են լավ գինին, օրգանիկ բուսական թեյերը, բնական մրգերից ստացված անարատ պահածոները: Մեր գործարկած Արմոտեկա հարթակի շնորհիվ հայ գործարարների համար ստեղծում ենք հնարավորություն ներկայացնել և վաճառել իրենց արտադրանքը ամբողջ աշխարհում, իսկ մենք կառաքենք այն հնարավորինս արագ: Այժմ հրավիրում ենք իսկապես որակյալ արտադրանք արտադրող մեր գործարարներին իրենց ապրանքը ներկայացնելու մեր հարթակում»:

Պրոդուկտների կառավարման և զարգացման բաժնի ղեկավար Գրիգոր Բաղդագուլյանը նշում է,- «Ուրախ եմ տեղեկացնել, որ մենք մեկնարկել ենք Արմոտեկա առցանց խանութը, որը նոր մոտեցմամբ կհամախմբի լավագույն հայկական արտադրանքը մեկ միասնական հարթակում և եզակի հնարավորություն կտա հայկականը հասանելի դարձնել սփյուռքին և ներկայացնել ողջ աշխարհին։ Հավելեմ նաև, որ Արմոտեկան հնարավորություն է տալիս ձեռք բերել հայկական արտադրանքը ամսական բաժանորդագրությամբ, ինչպես նաև ընտրել մեր կողմից մշակված յուրօրինակ թեմատիկ նվեր տուփեր՝ այսպիսով խնայելով ժամանակ և գումար»:

ՀայՓոստը Արմոտեկա առցանց հարթակի շրջանակում հայ արտադրողներին հնարավորության կտա ապահովել հայկական արտադրանքի հասանելիությունը շուրջ 190 երկրում:

ՀայՓոստ ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է: 1992թ.-ից ՀայՓոստ ՓԲԸ-ն դարձել է Միացյալ ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալության` Համաշխարհային փոստային միության անդամ-կազմակերպություն՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային փոստային համագործակցության ասպարեզում: ՀայՓոստ ՓԲԸ-ն ողջ ՀՀ-ում ունի շուրջ 850 փոստային բաժանմունք, մատուցում է փոստային և ֆինանսական ծառայություններ:

Share