Բիզնես

«Բորժոմի»-ի արտադրության գործարաններում աշխատանքը կաթվածահար վիճակում է

Վրաստանում «Բորժոմի» հանքային ջրի արտադրության գործարանների աշխատողներն անժամկետ եւ լայնընդգրկուն գործադուլ են հայտարարել. գործարաններում աշխատանքը դադարեցվել է: Այդ մասին ասել է Արհմիությունների նախագահ Գեորգի Դիասամիձեն՝ հանդես գալով Բորժոմի ակցիայի ժամանակ: Ապրիլի վերջին IDS Borjomi ընկերությունը հաղորդել է Վրաստանում արտադրության ժամանակավոր դադարեցման մասին, որի պատճառը Ուկրաինայի իրադրությամբ պայմանավորված ֆինանսական խնդիրներն են: Աշխատողներին առաջարկել են նոր պայմաններ, մի մասը դրանց հետ չի համաձայնել եւ սկսել է բողոքի ակցիաներ: Դրա հետեւանքով ազատվել է 50 մարդ: «Ոչ մի էսկալացում, ոչ մի դիմակայություն: Մենք չենք պատրաստվում դիմակայել միմյանց: Մենք չենք պատրաստվում խախտել օրենքը: Մենք խաղաղ ու հանգիստ կերպով կգնանք մինչեւ հաղթանակ, որքան ժամանակ էլ որ դրա համար պահանջվի»,-ասել է Դիասամիձեն: Ինչպես նշել է Դիասամիձեն, լիակատար հաղթանակ կհամարվի այն, երբ գործարաններ կվերադառնան առանց բացառության այն բոլոր աշխատողները, որոնք աշխատանքից հեռացվել էին վերջին երկու-երեք ամսվա ընթացքում: Դիասամիձեի խոսքով՝ գործարանների բոլոր աշխատողները վարկեր ունեն բանկերում, եւ նրանք չեն կարող վճարել տոկոսները: Մարդկանց նյութական վիճակը ողբալի է, հաղորդել է Spitnik-ը:

Share