Բիզնես

Ucom-ի տեխնիկական աջակցությամբ կայացավ «ԲարՔեմփ Երևան»-ը

Ucom-ի տեխնիկական աջակցությամբ այս տարի ևս հունիսի 18-ից 19-ը Երևանում անցկացվեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում սիրված «ԲարՔեմփ Երևան» կոնֆերանսը, որը մեկ հարկի տակ էր միավորել ՏՏ և մեդիա ոլորտի շուրջ երեք հազար ներկայացուցիչների։

Կոնֆերանսի նպատակն էր գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակումը, ինչպես նաև ՏՏ ոլորտում նոր կապերի ստեղծումը:

Կոնֆերանսին հրավիրված արտասահմանյան հատուկ հյուրերը՝ գիտնականներ, փորձագետներ, սիլիկոնյան հովտում մեծ հաջողությունների հասած startup-ների ղեկավարներ, խոսեցին startup բիզնեսի կառավարումից, աշխատաշուկայի ապագայից, գիտության և կրթության զարգացման հեռանկարներից, Հայաստանի տիեզերական ամբիցիաներից, նորագույն առողջապահական տեխնոլոգիաներից։

«ԲարՔեմփ Երևան 2022»-ին մեծ ուշադրություն էր հատկացվել հայաստանյան ՏՏ ոլորտի լավագույն մասնագետների կողմից ծրագրավորման և անվտանգության ոլորտին առնչվող պրակտիկ աշխատարանների անցկացմանը։ Տեղի ունեցան ՏՏ և մեդիա ոլորտներին վերաբերող պանելային քննարկումներ։

Քննարկված թեմաների և հյուրերի ցանկին կարելի է ծանոթանալ կոնֆերանսի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում:

ԲարՔեմփը ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձևաչափ է: ԲարՔեմփ Երևան միջոցառումներն ամբողջությամբ կազմակերպվում են կամավորների ջանքերով, ովքեր հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների և մեդիա ոլորտի ներկայացուցիչներ են: Հայաստանում ԲարՔեմփը անցկացվում է 2009 թվականից:

Share