Բիզնես

CodeSignal-ի համահիմնադիր Տիգրան Սլոյանը՝ հաջողության, անցած ճանապարհի և աշխարհը փոխելու մասին

Հայ հիմնադիրների կողմից ստեղծված CodeSignal ստարտափի մասին հիմա աշխարհում շատերը գիտեն: Այն այժմ գնահատվում է 500 միլիոն դոլար:

CodeSignal-ի համահիմնադիր և տնօրեն Տիգրան Սլոյանը Rearrange փոդքասթի շրջանակում պատմել է կես միլիարդ դոլար գնահատվող ընկերության, անցած ճանապարհի, աշխարհը փոխելու մասին և ոչ միայն:

Հիշեցնենք՝ հայկական CodeSignal ընկերությունը մայիսին արժանացել է բարձրագույն մրցանակի բիզնես տեխնոլոգիաների ռեյթինգներ կազմող TrustRadius ընկերության կողմից միանգամից  չորս անվանակարգերում՝ գնահատում, տեխնիկական հմտությունների գնահատում, տեսահարցազրույցներ և վիրտուալ ՏՏ լաբեր։ Վարկանիշները ամբողջությամբ հիմնված են հաճախորդների կարծիքների վրա: Իսկ 2021թ.-ին CodeSignal-ը ներառվել է The Silicon Review-ի տարվա լավագույն 50 գործատուների ցուցակում։

CodeSignal-ը տրամադրում է տարբեր գործիքներ, որոնք օգնում են ավտոմատ կերպով գնահատել աշխատանքի դիմորդների կարողությունները, ինչի շնորհիվ մարդիկ աշխատանքի են ընդունվում ոչ թե իրենց CV-ի հիման վրա, այլ գիտելիքների և հմտությունների։ Նախորդ տարվա սեպտեմբերին CodeSignal ընկերությունը հայտարարեց 50 մլն. դոլար ներդրման մասին՝ մոտենալով հայկական հաջորդ յունիքորնի տիտղոսին։ Այս նոր ներդրման շնորհիվ CodeSignal-ը գնահատվում է 500 մլն. դոլար։

CodeSignal-ն առաջին կազմակերպությունն է, որը ստեղծել է գիտելիքների գնահատման ավտոմատացված հարթակ և այժմ օգտագործվում է որպես ստանդարտ չափանիշ տեխնիկական աշխատանքի ընդունելության համար։

Այն առավել արդար մեխանիզմ է առաջարկում՝ երկրորդական դարձնելով թեկնածուի ներկայացրած ինքնակենսագրականն ու նրան տալով հմտությունները դրսեւորելու հնարավորություն:

Netflix, Facebook, Uber, Zoom, Dropbox, Quora և այլ միջազգային հեղինակավոր ընկերություններ այսօր օգտվում են CodeSignal պլատֆորմից, որպեսզի առավել անկողմնակալ կերպով տաղանդավոր մասնագետներ ընտրեն իրենց ընկերությունների համար:

Share