Բաժին. Բիզնես

Հայկ Կարապետյանը հերքում է կապը կոռուպցիայի և չարաշահումների հետ

Այսօր մամուլում տեղեկատվություն է տարածվել Հայփոստի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանի աշխատանքից ազատման մասին։ Հրապարակման մեջ նշվում է, պատճառը կոռուպցիայի և չարաշահումների կասկածն է։

«Մեզ ասացին՝ ուզում են «Հայփոստը» կրկին հավատարմագրային կառավարման տալ, բայց այս անգամ ոչ թե Էդուարդո Էռնեկյանին, այլ՝ ՔՊ-ական գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին: Իսկ որպես տնօրենի հավանական թեկնածու՝ շրջանառվում է Մխիթար Հայրապետյանի անունը: Սակայն սա՝ ասեկոսեների մակարդակով», – գրել է Հրապարակ օրաթերթը։

Հայկ Կարապետյանն իր հերթին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ հերքել է չարաշահումների մասին տեղեկատվությունը։

«Ինչքան Իլոն Մասկը կապ ունի ոչխարաբուծության հետ, այդքան էլ Հայկ Կարապետյանը կապ ունի կոռուպցիայի և չարաշահման հետ։

Երկու տարի առաջ ինձ հրավիրեցին գլխավորելու ՀայՓոստը, որպեսզի իրականացնեմ ընկերության թվային տրանսֆորմացիան, որը ես բարեհաջող իրականացրել եմ։ Պատրաստվում էի «HayPost+» հավելվածի մեկնարկի օրը նաև հայտարարել ՀայՓոստում իմ գլխավորած տրանսֆորմացիոն փուլի ավարտի մասին, սակայն ինձնից առաջ ընկան։ Երևանի բնակիչներին ու զբոսաշրջիկներին հրավիրում եմ նոր էլեկտրոնային իրավահավաստի նամակների փոխանակման համար գործարկվող Իրավահավաստի փոստի՝ HayPost+ հավելվածի մեկնարկի հատուկ համերգային ծրագրին, որը տեղի կունենա հուլիսի 20-ին՝ ժամը 19։30-ին, Սիզնս այգում։ Համերգի նախնական մասնակիցներն են՝

  • Ռեինկարնացիա խումբը
  • Boing Orchestra
  • DJ Donz

Մանրամասների համար շուտով կտեղեկացնեմ։

P.S. Ես ավարտել եմ Բաումանի անվան համալսարանը Մոսկվայում, այլ ոչ թե Ճարտարագիտականը՝ Երևանում», – գրել է Կարապետյանը։

Share