Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի` ԱՆԻֆ-ի և «Ապագա Փրոջեքթս» ընկերության համատեղ ներդրումային ծրագրի շրջանակներում արդեն շահագործման է հանձնվել հյուրանոցային նոր համալիրը, իսկ Յելլ Էքստրիմ Պարկի և Ապագա Ռեզորթի տարածքում շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին, և բոլոր նոր ծառայությունները հանրությանը հասանելի կլինեն շուտով։
Նշենք, որ ԱՆԻՖ-ի դուստր «Ձեռնարկատեր+պետություն ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն 1,6 մլն ԱՄՆ դոլարին համարժեք բաժնեմասային ներդրում է իրականացրել «Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ-ում։
Ըստ «Ապագա Փրոջեքթս» ընկերության տնօրեն Տիգրան Չիբուխչյանի. «Սա պետական և մասնավոր ոլորտի միջև արդյունավետ համագործակցության օրինակ է, որը, բիզնես տեսլականին զուգահեռ, ունի սոցիալական մեծ նշանակություն. այն ուղղված է գյուղական համայնքի զարգացմանը և համայնքային կյանքի բարելավմանը։ Մեր բոլոր նախաձեռնություններն աչքի են ընկել խիզախությամբ և նորարարությամբ։ Այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՆԻՖ-ի դուստր` «Ձեռնարկատեր+պետություն» ֆոնդի տնօրեն Բելլա Մանուկյանի խոսքով պետական միջոցների ներդրման ամենաարդյունավետ ձևերից մեկը հաջողված և շահութաբեր բիզնես ծրագրերում ներդրումներ անելն է։ «Վստահ ենք, որ «Ապագա Փրոջեքս»-ում մեր ներդրումները ոչ միայն նպաստելու են այս արդեն կայացած բրենդի զարգացմանը, ոչ միայն ստեղծելու են նոր աշխատատեղեր, այլև զգալի դեր են ունենալու ավելի գլոբալ թիրախների՝ տուրիզմի ոլորտի արդիականացման և զարգացման ուղղությամբ։ Հենց նման ծրագրերի խթանումն է ֆոնդի նպատակներից մեկը»։
«Ապագա Փրոջեքթս» ընկերությունը համակարգում է երկու ծրագիր Տավուշի մարզի Ենոքավան համայնքում՝ «Ապագա ռեզորթ» հյուրանոցային համալիրը և «Յելլ Էքստրիմ Փարք» զվարճությունների այգին։ Ընկերության երկու ծրագրերը գյուղական համայնքներում տուրիստական ենթակառուցվածքների զարգացման և տնտեսական նոր հնարավորությունների ստեղծման հաջող օրինակ են։
«ԱՆԻՖ»-ի և «Ապագա Փրոջեքթս»-ի միջև համագործակցությունն ուղղվել է «Յելլ Էքստրիմ Փարք»-ի նոր՝ մոտ 2,5 կմ երկարությամբ զիփլայնի կառուցմանը և սպորտային զվարճության նոր հարթակի ներդրմանը, ինչպես նաև «Ապագա Ռեզորթ» հյուրանոցային համալիրի ենթակառուցվածքների, այդ թվում՝ նոր խոհանոցի զարգացմանը և համարային ֆոնդի ավելացմանը։ Ծրագրի իրականացման արդյունքում Յելլը կկարողանա ավելացնել թողունակությունը և գրեթե կկրկնապատկի ընձեռնված կայուն աշխատատեղերի քանակը։
Հիշեցնենք, որ ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն ներդրումների կառավարիչ» ընկերության ներդրումային ֆոնդի գործունեության նպատակը տնտեսության մեջ մասնավոր կապիտալի ներհոսքի խթանումն է և դրա միջոցով տեղական բիզնեսի զարգացման խթանումը։ Ֆոնդը ներդրումներ է իրականացնում տեղական ընկերություններում՝ նպաստելով հայաստանյան ձեռնարկությունների զարգացմանն ու ընդլայնմանը: Ֆոնդի կողմից ֆինանսավորման ենթակա են Հայաստանի Հանրապետությունում գրանցված ինչպես նոր, այնպես էլ արդեն իսկ գործող բիզնես ծրագրերը, որոնք համապատասխանում են ֆոնդի չափանիշներին: Ֆոնդի մասնակցությունը 25% – 49% է, մասնակցության չափը մեկ ծրագրում՝ 0.5 – 4մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ