Բիզնես

Վիվա-ՄՏՍ-ը դիմում է Ազգային անվտանգության ծառայություն, ՀՀ դատախազություն ու ՀՀ Ոստիկանություն

«Ժողովուրդ» օրաթերթն ու փոխկապակցված armlur.am կայքը համառորեն շարունակում են տարածել հրապարակումներ առ այն, թե իբր ««ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերությունն ադրբեջանցիներին բջջային քարտեր է տրամադրել (բաժանել)»: 

Սույնով Վիվա-ՄՏՍ-ը դիմում է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայություն, ՀՀ դատախազություն ու ՀՀ ոստիկանություն՝  «Ժողովուրդ» օրաթերթի ու armlur.am կայքի հրապարակումները որպես հանցագործության մասին հաղորդում ընդունելու խնդրանքով՝ պարզելու համար թե լրատվամիջոցն այդ ի՞նչ փաստերի է տիրապետում և տեղեկատվական ինչպիսի՞ աղբյուրներից է օգտվում/տիրապետում, որ հաշվի չառնելով Վիվա-ՄՏՍ-ի բազմատիվ հերքումները և պարզաբանումները, ինչպես նաև հենց լրատվամիջոցի կողմից հրապարակված՝ ԱԱԾ-ից վերջինիս ստացած պատասխանն առ այն, որ (մեջբերում)՝ ««ՄՏՍ Հայաստան» ընկերությունը, այնպես էլ ՀՀ-ում գործող մյուս բջջային օպերատորներն Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցներին, Ադրբեջանի քաղաքացիներին, ադրբեջանական անձնագրեր ունեցող անձանց հեռախոսահամարներ չեն վաճառել», համառորեն շարունակում է պնդել, թե իբր սոցհարցումների համար Վիվա-ՄՏՍ-ի կողմից տրամադրած հեռախոսահամարներն օգտագործվել են ադրբեջանցիների կողմից՝ ՀՀ քաղաքացիներից ազգային անվտանգությանը վերաբերող կարևոր տեղեկություններ կորզելու նպատակով: 

 Վիվա-ՄՏՍ-ը հայտնում է պատրաստակամություն՝ աջակցելու իրավապահ մարմիններին՝ նշված հարցի բազմակողմանի և ամբողջական քննության գործում։ 

Ընկերությունը տեղեկացնում է, որ այլևս չի արձագանքելու «Ժողովուրդ» օրաթերթի/armlur.am փոխկապակցված կայքի նույնաբովանդակ շարունակական հրապարակումներին, համարելով դրանք ընթերցողների նկատմամբ ոչ այլ ինչ, քան տեղեկատվական մանիպուլացում և Վիվա-ՄՏՍ-ի գործարար համբավն արատավորելու փորձ ու տեղեկատվական շանտաժ: 

Share