Բաժին. Բիզնես

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՈՒՄԻՆԳ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԵԶՈՆԱՅԻՆ ԶԵՂՉԸ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է մինչև 2011թ-ի սեպտեմբերի 15-ը «Beeline երկրներ» ծառայության սեզոնային զեղչի երկարաձգման մասին: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` այս ակցիայի շրջանակում Beeline բաժանորդները, Վրաստանում «Mobitel» ցանցի (ապրանքանիշը Beeline) ռոումինգ ծառայությունից օգտվելիս, կարող են ստանալ զանգեր 49 դրամ/րոպե սակագնով, ինչպես նաև զանգահարել Վրաստանի և Հայաստանի բոլոր բջջային և ֆիքսված հեռախոսահամարներին` 69 դրամ/րոպե սակագնով: Ծառայությունից կարող են օգտվել Beeline բջջային ցանցի բոլոր բաժանորդները` նախապես ակտիվացնելով ռոումինգը:

«Հարևան Վրաստանում ռոումինգ ծառայության սեզոնային զեղչը շարունակում է բարձր պահանջարկ վայելել Հայաստանի կապի միասնական օպերատորի բաժանորդների շրջանում: Ընդառաջելով բաժանորդների կարիքներին, «ԱրմենՏել» ընկերությունը երկարաձգում է ակցիայի ժամկետը` առաջարկելով մեր հայրենակիցներին մատչելի և հարմարավետ կապ իրենց հարազատների և բարեկամների հետ շփվելու համար», – նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Beeline երկրներ» ծառայության ակտիվացումն անվճար է: Այն ակտիվացնելու համար բջջային հեռախոսից պետք է հավաքել *555# հրահանգը: Ծառայությունն ակտիվ է 10 օր, որից հետո բաժանորդը կրկին կարող է անվճար ակտիվացնել այն: Ծառայության համար բաժանորդավճար նախատեսված չէ:

Share