Բաժին. Բիզնես

ԱՆՎՃԱՐ ORANGE WIFI ԻՆՏԵՐՆԵՏ` ԵՐԵՎԱՆԻ ՉՈՐՍ ԲՈՒՀԵՐՈՒՄ

Այսօր` սեպտեմբերի 16-ին, տեղի ունեցավ Orange WiFi «անկյունների» պաշտոնական բացումը Երևանի Պետական Համալսարանում և Հայաստանի Պետական Ագրարային համալսարանում: Երևանի Պետական Լեզվաբանական Համալսարանում և Երևանի Պետական Տնտեսագիտական Համալսարանում նման անկյուններ պատրաստ կլինեն արդեն հաջորդ շաբաթվանից, այնպես որ շուտով Երևանի չորս բուհերի ուսանողներն ու դասախոսները կկարողանան օգտվել իրենց բուհի ամենամարդաշատ վայրում տեղադրված անվճար Orange wi-fi ինտերնետից:

«Ինտերնետն արդեն մեր առօրյա կյանքի, ինչպես նաև ուսումնական գործընթացների անխուսափելի ու անբաժան բաղկացուցիչն է: Այն այսօր աշխարհի համալսարաններում նույնքան կարևոր և պարտադիր է, ինչքան գրադարանը: Վստահ եմ, որ այս WiFi անկյունները կփոխեն ուսանողների ամենօրյա ուսումնական կյանքը, կհեշտացնեն նրանց գործը և ինչու ոչ, թույլ կտան նաև երբեմն գումար խնայել: Որպես պատասխանատու ընկերություն` մեր կարևորագույն նպատակներից է ինտերնետը հասանելի դարձնել բոլորին»,- նշել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

«Անլար և ազատ մուտքով ինտերնետ կապ օգտագործելու այն հնարավորության ընձեռնումը ԵՊՀ ուսաողների համար ամբողջովին համահունչ է համալսարանում տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների կիրառման ռազմավարական մոտեցումներին: Հավատացած եմ, որ Մայր բուհի և «Orange» ընկերության հերթական համագործակցությունը կպսակվի հաջողությամբ` ի շահ երիտասարդ սերնդի զարգացման ու առաջընթացի և օգտվելով առիթից կցանկանայի շնորհակալություն հայտնել Orange Արմենիային արդյունավետ և բազմակողմանի գործընկերություն ծավալելու համար», – ասել է ԵՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը:

Ծրագիրը կյանքի է կոչվել շահառու համալսարանների և Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի հետ համագործակցությամբ, որոնք հաշվի առնելով ուսանողների կարիքներն ու դիմումները, առաջարկեցին  Orange-ին ստեղծել համալսարանական WiFi անկյուններ:

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում 2009թ. և 2010թ. կատարել է համապատասխանաբար 140 մլն եվրոյի և ավելի քան 50 մլն դոլարի ներդրումներ և ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում` երկրի բնակչության 95% տոկոսին:

Share