Բաժին. Բիզնես

ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՅՍՈՒՀԵՏ ԿՍՊԱՍԱՐԿԻ ՆԱԵՎ VISA, MASTERCARD ԵՎ ARCA ՔԱՐՏԵՐ

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը վերսկսում է իր բանկոմատներով միջազգային Visa և MasterCard քարտերի սպասարկումը` միաժամանակ մեկնարկելով նաև ArCa քարտերի սպասարկումը: Այսօր` սեպտեմբերի 19-ին հրավիրված մամլո ասուլիսի շրջանակներում այս մասին տեղեկացրեց  Բանկ գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը` նշելով, որ այս  ծրագրային ապահովման նորացման նախագծի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 1 միլիոն ԱՄՆ դոլար:

Հիշեցնենք, որ Էյչ-Էս-Բի-Սի Բանկը դադարեցրել էր միջազգային Visa և MasterCard քարտերի սպասարկումը 2009 թվականի նոյեմբերին` տեխնիկական և անվտանգության նկատառումներից ելնելով: Ներկայումս արդեն Բանկի ավելի քան 50 բանկոմատ ներառող ցանցը պատրաստ է ընդունել և սպասարկել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային բանկերի կողմից թողարկված քարտերը, որոնք գործում են ArCa, Visa կամ MasterCard համակարգերում:

Ինչպես ասուլիսի շրջանակներում պարզաբանեցին բանկի ներկայացուցիչները` ծրագրային նորացումը թույլ է տվել բանկին նաև նվազեցնել կանխիկացման համար սակագինը` իրականացնելով ցածր գնով բարելավված ծառայություններ մատուցմանն  ուղղված ևս մեկ քայլ: Հատկանշական է նաև, որ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը նաև սկսել է թողարկել չիպային քարտեր, որոնք մագնիսական ժապավենով քարտերի համեմատ անվտանգության շատ ավելի բարձր երաշխիք են տալիս: Այս նպատակով կատարված ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 150 հազար ԱՄՆ դոլար: 

Ի լրումն 53 սովորական բանկոմատների, բանկը նաև գործարկել է Հայաստանում առաջին հընթացս բանկոմատը, որը գտնվում է Մյասնիկյան 20Ա հասցեում` «Արաքս» բենզալցման եւ տեխսպասարկման կայանում: Հընթացս բանկոմատը ինքնասպասարկման մի նոր բանկային լուծում է, որը 24/7 ռեժիմով առաջարկում է ստանդարտ բանկոմատների միջոցով մատչելի նմանատիպ բանկային ծառայություններ: Նոր բանկոմատը ապահովում է առավելագույն հարմարավետություն` խնայելով Երևանից մեկնող հաճախորդի ժամանակն ու ջանքերը, քանի որ բանկոմատի միջոցով գործարք իրականացնելիս հաճախորդն այլևս կարիք չի ունենա իջնել մեքենայից կամ որոնել կայանատեղի:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը առաջինն էր, որ 1996 թվականին բանկոմատ ներդրեց Հայաստանում, ինչպես նաև ուրախությամբ պետք է նշեմ, առաջինն է Հայաստան ներմուծել հընթացս բանկոմատները: Մենք հավատարիմ ենք մեր խոստմանը` մշտապես ներկայացնել հաճախորդի սպասարկումը բարելավելուն ուղղված նորարարական տեխնոլոգիաներ», – ամփոփելով իր խոսքը` նշեց  Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը:

Share