Բաժին. Բիզնես

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺԱՆՔ «ԱՐՄԵՆԱԼ» ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ

Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանի հիմքի վրա ավարտվել է ՌՈՒՍԱԼ-ի արտադրական համակարգի ուսումնավարժանքը, որին մասնակցել են ընկերության փաթեթավորման դիվիզիոնի հիմնական գործարանների ներկայացուցիչները: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ԱՐՄԵՆԱԼ-ի Մամուլի ծառայությունից` միջոցառման ընթացքում կատարված արտադրության կատարելագործման գծով առաջարկների իրականացման  ակնկալելի արդյունքը կկազմի  շուրջ 300 հազար ԱՄՆ դոլար:

Նշենք, որ սւսումնավարժանքի մասնակիցներն աշխատում էին 3 խմբերով: Առաջին խումբը, որի մեջ մտնում էին արտադրության գծով տնօրենները, վճռում էր փայլաթիթեղագլանման հաստոնների վրա կատարվող գործողությունների օպտիմալացման հարցը: Նրանց առաջարկությունների ներդրումը թույլ կտա բարձրացնել սարքավորումների արդյունավետությունը 8-10%: Մեխանիկական և էներգետիկ ծառայությունների մասնագետների խմբի աշխատանքի հիմնական արդյունքը սարքավորումների պլանային վերանորոգման  անցկացման ժամկետի կրճատումն էր 25%: Երրորդ խումբը, որ կազմված էր տեխնոլոգներից, որոշում էր արտադրանքի որակի բարձրացման, ինչպես նաև քսա-սառեցնող հեղուկի զտման և փայլաթիթեղի թրծման  ծախսերի իջեցման հարցերը:

“Փաթեթավորման դիվիզիոնում հաջող է ընթանում արտադրության, տեխնոլոգիայի և վերանորոգման գծով մասնագետների միասնական համալիր աշխատանքը: Փայլաթիթեղագլանման գործարաններում սարքավորումները համանման են, դրա համար էլ խնդիրները  նույնական են: Երբ հավաքվում են համախոհները, գերազանց արդյունք է ստացվում:  Մենք խնդիր ենք դնում հասնել լավագույն արդյունքների, որովհետև մեր սարքավորումները թույլ են տալիս արտադրել միջազգային չափանիշներին համապատասխան արտադրանք: ՌՈՒՍԱԼ-ն առաջատար է փայլաթիթեղի արտադրության ոլորտում, և քանի որ մենք խոշորագույնն ենք, ապա պետք է լինենք լավագույնը», – ուսումնավարժանքի կապակցությամբ նշել է ՌՈՒՍԱԼ ընկերության արտադրության զարգացման գծով տնօրեն Դմիտրի Բոնդարենկոն:

ԱՐՄԵՆԱԼ-ում ՌՈՒՍԱԼ-ի արտադրական համակարգի զարգացման գծով նպատակասլաց աշխատանքները սկսվել են մեկ տարի առաջ: Դմիտրի Բոնդարենկոյի գնահատմամբ` այս ընթացքում աշխատողների 20% դարձել է արտադրության կատարելագործման ակտիվ մասնակից: Գործարանի առջև խնդիր է դրվել արտադրահամակարգի զարգացմանը աշխատակազմի մասնակցության աստիճանը հասցնել 80-90%: Դրան կնպաստի արտադրության հիմքը կազմող տեխնիկական փաստաթղթերի հայերեն թարգմանությունը:

Երևանում գտնվելու ընթացքում Դ.Բոնդարենկոն Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում անցկացրել է նաև ՌՈՒՍԱԼ-ի արտադրահամակարգի ներկայացումը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել հանրապետության առաջատար տեխնիկական բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների շրջանում:

ԱՐՄԵՆԱԼ-ը ստեղծվել է Երևանում 2000թ. մայիսին Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, այն Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից է, Կովկասում և Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողը: ՍԱՅԱՆԱԼ, «Ուրալսկայա ֆոլգա», «Սայանսկայա ֆոլգա» ձեռնարկությունների հետ կազմում է ընկերության փաթեթավորման դիվիզիոնը:

Share