Բիզնես

Fly Arna-ն առաջարկում է ձեռք բերել բորտուղեկցորդի մասնագիտություն

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը հրավիրում է երիտասարդներին միանալ իր աճող թիմին՝ ձեռք բերելով բորտուղեկցորդի մասնագիտություն:

Նախնական փուլը հաղթահարած հավակնորդները Հայաստանում տեսական դասընթացներին մասնակցելուց հետո կմեկնեն Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում գտնող AirArabia ավիաընկերության կենտրոնական գրասենյակ՝ գործնական պարապմունքների եւ ուսուցողական թռիչքներին մասնակցելու համար:

«Երկրորդ ինքնաթիռը ձեռք բերելուց եւ երկու նոր ուղղություն գործարկելուց հետո անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել մեր թիմը։ Փնտրում ենք աշխույժ երիտասարդների, որոնք ոչ միայն ձեռք կբերեն նոր մասնագիտություն, այլեւ ազգային ավիափոխադրողի թեւերի վրա կբացահայտեն աշխարհը», – ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:

Մասնակցության պայմանները եւ առցանց հայտը հասանելի են այս հղումով: Հայտերն ընդունվում են մինչեւ ս.թ. հոկտեմբերի 20-ը:

Fly Arna-ն՝ հայկական ազգային ավիափոխադրողն է եւ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ «Էյր Արաբիա» խմբի համատեղ ձեռնարկությունը: Տեղակայվելով Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ Fly Arna-ն հետեւում է Air Arabia-ի հաջողված բյուջետային բիզնես մոդելին, որն առաջարկում է հարմարավետություն, հուսալիություն եւ արժեքավոր օդային փոխադրումներ:

Share