Բաժին. Բիզնես

Կասպերսկի ընկերությունը Բյուրականի աստղադիտարանում անցկացրել է «Տիեզերքի մակարդակի անվտանգություն» սեմինարը

Կիբեռանվտանգության միջազգային առաջատար «Կասպերսկի» ընկերությունը Հայաստանում շարունակում է պետական և մասնավոր հատվածի կազմակերպություններին կիբեռանվտանգության ոլորտի փորձի ու գիտելիքների փոխանցման ծրագրերը։ Ընկերությունը հոկտեմբերի 8-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում անցկացրել է «Տիեզերքի մակարդակի անվտանգություն» սեմինարը, որին մասնակցել են ՀՀ ուժային կառույցների և կրիտիկական ենթակառուցվածքները կառավարող առաջատար ընկերությունների մասնագետները։

Միջոցառումը բացել է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն, Հայկական վիրտուալ աստղադիտարանի (ՀՎԱ, ArVO) ղեկավար, Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսի (IVOA) գործադիր կոմիտեի անդամ Արեգ Միքայելյանը ներկայացրել է «Աստղագիտությունը և մեծ տվյալները․ աստղավիճակագրությունից մինչև վիրտուալ աստղադիտարաններ», իսկ «Կասպերսկի» ընկերության նախավաճառքային ճարտարագետ Դմիտրի Մոկրեևը՝ «Տիեզերքի մակարդակի անվտանգություն» թեման։

«Մեր ընկերությունը ցանկացած մեծության և ոլորտի կազմակերպությունների համար ապահովում է լավագույն կիբեռանվտանգությունը։ Այս սեմինարի ընթացքում ՀՀ ուժային կառույցների և կրիտիկական ենթակառուցվածքները կառավարող ընկերությունների մասնագետներին ներկայացվեցին «Կասպերսկի» ընկերության նորագույն համալիր լուծումները, որոնց կիրառումը մեծապես կնպաստի այդ կազմակերպությունների, հետևաբար, երկրի կիբեռանվտանգության մակարդակի բարձրացմանը»,- նշում է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։

«Տիեզերքի մակարդակի անվտանգություն» սեմինարի մասնակիցները հարց ու պատասխանի միջոցով ստացել են համապարփակ գիտելիքներ կազմակերպությունների ՏՏ ենթակառուցվածքի անվտանգության ամենակարևոր ասպեկտների վերաբերյալ,  ինտերակտիվ քննարկել և պարզաբանել են  կիբեռանվտանգության վերաբերյալ հետաքրքրող բոլոր հարցերը։

Share