Բաժին. Բիզնես

ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԻՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ

Այսօր` հոկտեմբերի 5-ին, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ գլխավոր գրասենյակում տեղի ունեցավ առևտրի ֆինանսավորման ծառայությունների երկրորդ` 2010 թվականի Լավագույն Հաճախորդների մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը, որի շրջանակներում բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը  հավաստագրեր և կորպորատիվ խորհրդանշական հուշանվերներ հանձնեց հինգ հաճախորդների: Մրցանակները հանձնվեցին հետևյալ անվանակարգերում`

Լավագույն Հաճախորդ `Միջազգային առևտրի մրցանակ – Lia -A Group 

Լավագույն Հաճախորդ` Նորարարական առևտրի մրցանակ – Erebuni Medical Center

Լավագույն Հաճախորդ` Նորեկ հաճախորդ առևտրի մրցանակ – Mancho Group

Լավագույն Հաճախորդ ` Գլխավոր գործադիր տնօրենի մրցանակ  – Karcomauto Group

Լավագույն Հաճախորդ` Գլխավոր մրցանակ – Aray Group

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Առևտրի ֆինանսավորման կարևորագույն նպատակներից է ավելի քիչ ծախսերով բարձրորակ ծառայությունների տրամադրումը: Առևտրի ֆինանսավորման բաժինը մնում է ողջ աշխարհում Էյչ-Էս-Բի-Սի Խմբի գործունեության կարևորագույն ուղղություններից մեկը, և Հայաստանը այս առումով լավ հնարավորություններ ունի իր ավանդը բերելու Էյչ-Էս-Բի-Սի Խմբի հետագա հաջողություններին:  Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանին բաժին է ընկնում  Հայաստանի առևտրի ֆինանսավորման շուկայի 40 տոկոսը, ինչը բարձր ցուցանիշ է, սակայն սահմանափակվել այս ձեռքբերումով բանկը չի պատրաստվում: Իրականում մեզ հետաքրքրում են բոլոր այն բիզնեսները, որոնց գործունեությունը հատում է Հայաստանի սահմանները», – մրցանակաբաշխության արարողության շրջանակներում նշեց Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը` հավելելով, որ Էյչ-Էս-Բի-Սի բանկի ռազմավարությունն է` լինել միջազգային բիզնեսի համար աշխարհի լավագույն բանկը:

Ինչպես տեղեկացրեցին բանկի ներկայացուցիչները` Հայաստանի համար արտահանող և ներմուծող ընկերություններին խրախուսելն ու աջակցելը Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի համար ունի կենսական նշանակություն, և բանկը շարունակաբար հատուկ ուշադրություն է դարձնում  Առևտրի ֆինանսավորման նորարարական լուծումների զարգացմանն ու ներկայացմանը` լուծումներ, որոնք հայաստանյան ընկերություններին հնարավորություն կտան անցում կատարել ավանդական ֆինանսական գործիքներից դեպի առավել ընդգրկուն և շահավետ լուծումներ:  

Նշենք, որ 2011 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը գրանցել է առևտրի ֆինանսավորման գործառնություններից միջնորդավճարների շուրջ 25-26% աճ, ընդ որում ակրեդիտիվների ոլորտում գրանցվել է 33% աճ, բանկային երաշխիքների գծով` 16% աճ, բանկային ինկասոների գծով` 28% աճ:

Share