Բիզնես

ՀայՓոստը ստացավ «Ծագող աստղ փոստի զարգացման գործում» (“Rising Star in Postal Development”) մրցանակը

Հոկտեմբերի 20-ին Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում, Համաշխարհային Փոստային Միության կենտրոնակայանում ՀՓՄ-ն ՀայՓոստին շնորհեց «Ծագող աստղ փոստի զարգացման գործում» (“Rising Star in Postal Development”) մրցանակը: Փոստային գործառնությունների խորհրդի նիստի ժամանակ Համաշխարհային Փոստային Միության գլխավոր տնօրեն Մասաիկո Մետոկիի և փոխտնօրեն Մարիան Օսվալդի կողմից մրցանակը հանձնվեց ՀայՓոստի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանին:

Արայիկ Աբրահամյանը նշեց,- «Այս մրցանակը ՀայՓոստի ողջ թիմի՝ փոստատարից մինչև ավագ օպերատոր, փոստի տեսակավորողից մինչև օղակների ղեկավարներ, բոլորի երկար տարիների շարունակական աշխատանքի գնահատականն է: Շնորհավորում եմ բոլորիս՝ մեր ողջ թիմին»:

Մրցանակաբաշխությունը տեղի էր ունեցել 2022թ. Փոստի համաշխարհային օրվա արարողության ժամանակ, երբ Համաշխարհային փոստային միությունը հայտարարեց Համաշխարհային փոստային միության անդամ 172 երկրների նոր վարկանիշները:

Ըստ Համաշխարհային Փոստային Միության 2022թ. փոստային զարգացման զեկույցի` 2021թ.-ին փոստային զարգացման ցուցանիշով ՀայՓոստը թռիչքային աճ է գրանցել՝ 80-րդ տեղից բարձրանալով 48-րդ հորիզոնական: Փոստային զարգացման վարկանիշը հաշվարկվում է ըստ 4 ցուցանիշի՝ հասանելիություն, հուսալիություն, համապատասխանություն և ճկունություն: Ըստ Համաշխարհային փոստային միության տվյալների՝ բոլոր չորս ցուցանիշներով ՀայՓոստը զգալի առաջընթաց է գրանցել:

Նշենք նաև, որ Համաշխարհային Փոստային Միության վարկանիշով տարածաշրջանում Հայաստանն ավելի բարձր հորիզոնական է զբաղեցնում, քան Ադրբեջանը (62-րդ տեղ) և Վրաստանը (58-րդ տեղ):

ՀայՓոստ ՓԲԸ-ն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կողմից նշանակված փոստային օպերատոր Համաշխարհային փոստային միությունում: Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր ՀայՓոստ ՓԲԸ-ն ողջ ՀՀ-ում ունի շուրջ 850 փոստային բաժանմունք, մատուցում է փոստային, փոստային – ֆինանսական և այլ ծառայություններ:

Share