Բաժին. Բիզնես

DIGITEC-ԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՅՏ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԱՐԴԵՆ 115 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր` հոկտեմբերի 5-ին, տեղի Է ունեցել ասուլիս` «ԴիջիԹեք ցուցահանդես. տոն տեխնոլոգիական հայության համար» թեմայով:  Ասուլիսի բանախոսներն էին  Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյան (ցուցահանդեսի կազմակերպիչ), ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյան (ցուցահանդեսի պլատինե հովանավոր)  և «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության տնօրեն Արամ Սալաթյան :

Ինչպես տեղեկացվել է ասուլիսի շրջանակներում` շուրջ 115 ընկերություններ ներկա դրությամբ հայտ են ներկայացրել մասնակցելու ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսին: Սա նշանակում է արդեն իսկ 70% աճ է գրանցվել նախորդ տարվա համեմատ, որին մասնակցում էին 68 ընկերություն: Նախատեսվում է, որ այս տարի ցուցահանդեսը կունենա ավելի քան 18.000 այցելու: 

«ԴիջիԹեք ցուցահանդեսը միտված է տեխնոլոգիական քարոզչությանը հասարակության շրջանում, մարդկանց ցույց տալու, որ ապագան տեխնոլոգիական զարգացման մեջ է: Մենք հուսով ենք` հասարակությունն իրապես կհասկանա, որ տեխնոլոգիական զարգացումը Հայաստանում հնարավոր է և իսկապես կարող է հանդիսանալ այն լոկոմոտիվը, որը կխթանի տնտեսության բոլոր ոլորտների և հասարակական կյանքի առաջխաղացումը», – նշել է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Թվային ապագան ժամանակակից աշխարհի մարտահրավերն է: Այդ առումով` ուղղակի անհրաժեշտություն է տեխնոլոգիական նորարարությունների վերաբերյալ իրազեկվածության ապահովումը, ինչի դրսևորումն է նաև այս ցուցահանդեսը:  Ձգտելով հավատարիմ մնալ Հայաստանում տեխնոլոգիաների առաջատարը լինելու սկզբունքին` ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղական շուկա է ներմուծում առկա ամենանորարար լուծումները: Մեր ընկերության գործունեության հիմնական խթանը առաջընթացի ուժն է: Դա հնարավորություն է տալիս իրատեսորեն գնահատել հայաստանյան շուկայի պահանջարկը և սպառողի շահագրգռվածությունը` լավագույն և նորագույն տեխնոլոգիաներ ձեռք բերելու հարցում: Հովանավորելով արդեն 7-րդ տարին կազմակերպվող ամենամյա ԴիջիԹեք միջազգային ՏՏ ցուցահանդեսը` հավատում ենք, որ այն ունի կարևոր դեր, և հաճախորդների պահանջմունքներին ընդառաջ գնալ ձգտող կազմակերպություններին հնարավորություն է տալիս խոսելու նորարարությունների լեզվով»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 Նշենք, որ ԴիջիԹեք ամենամյա ցուցահանդեսն այս տարի կկայանա հոկտեմբերի 7-9-ը Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և Հայաստանի առաջատար բջջային օպերատոր ՎիվաՍելՄՏՍ ընկերության պլատինե հովանավորությամբ: Ցուցահանդեսի հիմնական նպատակը տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր ստեղծելն է: Միջոցառումը հայաստանյան ՏՀՏ դաշտի իրական պատկերն ուսումնասիրելու, ընկալելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահրավերներն ու հնարավորությունները տեսնելու հնարավորություն է տալիս: Այն նաև միտված է միջազգային կապերի ընդլայնմանը:  

Ցուցահանդեսին կից կանցկացվեն հետևյալ միջոցառումները.

  • The World of Engineering – «Ճարտարագիտության աշխարհ» ընդհանուր տաղավարով հանդես կգան շուրջ 30 տեղական և միջազգային ճարտարագիտական ընկերություններ տարբեր ծառայություններով և լուծումներով` արտադրական պրոցեսների ղեկավարումից և ավտոմատացումից մինչև ուսումնական լաբորատոր ստենդերի մշակում:  
  • ՏՏ աշխատանքի տոնավաճառ – Ցուցահանդեսի նորարարություններից է աշխատանքի տոնավաճառը: Տեխնոլոգիական ոլորտում աշխատել ցանկացողները հնարավորություն կունենան տեղում ծանոթանալ գործատուի հետ, գտնել աշխատանք կամ ընդգրկվել տարբեր գործատուների տվյալների բազայում` առաջիկայում աշխատանքի առաջարկ ստանալու ակնկալիքով: ՏՏ աշխատանքի տոնավաճառի համակազմակերպիչն է «Զբաղվածության Պետական Ծառայություն» գործակալությունը,  աջակիցը` USAID PALM Project:
  • DigiTec Startup հատվածՇուրջ 12 նորաստեղծ ընկերություններ կներկայացնեն իրենց նորարական լուծումները և ծառայությունները: 
  • Open Game Contest – Կցուցադրվեն Համակարգչային խաղերի բաց առաջնության հայտարարագրված խաղերը:
  • ArmRobotics – Կցուցադրվեն Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մասնակից ռոբոտները: 
  • DigiLife սեմինարների շարքառաջատար տեղական և միջազգային ընկերություններ հանդես կգան իրենց լուծումներով և տեխնոլոգիական վերջին նորություններով:                                               
Share