Բաժին. Բիզնես

ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն համագործակցության հուշագիր է ստորագրել «Առաջին Հիփոթեքային Ընկերություն» ՈՒՎԿ ՍՊԸ-ի հետ` վերջինիս Հիփոթեքային վարկերի մի մասը վերաֆինանսավորելու վերաբերյալ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից` այն հաճախորդները, ում վարկը ներառվելու է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի կողմից վերաֆինանսավորվող փաթեթում, անհատապես կտեղեկացվեն այդ մասին նախօրոք: «Առաջին Հիփոթեքային Ընկերության» վարկառու հաճախորդները տվյալ գործարքի արդյունքում որևէ նշանակալի փոփոխություն չեն նկատի, քանի որ, համաձայն հուշագրի, վերաֆինանսավորվող վարկերի փաստացի տոկոսադրույքները կմնան անփոփոխ: 

«Չափազանց կարեւորում ենք Էյչ-Էս-Բի-Սի –ի նման հեղինակավոր միջազգային ֆինանսական հաստատության հետ համագործակցության խորացման հնարավորությունը: Կարծում ենք, սա կարող է դառնալ միջոցների ներգրավման այլընտրանքային մի աղբյուր, որը կարող է էլ ավելի բարելավել մեր ընկերության ֆինանսական ցուցանիշները», – փաստել է  «Առաջին Հիփոթեքային Ընկերության» գլխավոր գործադիր տնօրեն Դավիթ Աթանեսյանը:     

«Ի հավելումն բանկի կողմից առաջարկվող վարկային ծառայությունների, մենք պատրաստ ենք քննարկել «Առաջին Հիփոթեքային Ընկերության»`  բանկի պահանջներին համապատասխանող բոլոր վարկային հայտերի վերաֆինանսավորման հարցը», – նշել էԷյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը: 

2011 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով, Էս-Բի-Սի ԲանկՀայաստանի հաճախորդներին տրամադրված համախառն վարկերը աճել են 6% ` կազմելով 91 միլիարդ ՀՀ դրամ: 

Share