Բաժին. Բիզնես

DEXIA ԲԱՆԿԻՆ ԱՌԱՋԻՆՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՔ Է ՄԵԿՆՈՒՄ ԲԵԼԳԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Բելգիայի կառավարությունը մտադիր է «օգնություն ցույց տալ» անկման եզրին հայտնված Dexia ֆինանսական խմբին`գնելով այս կառույցի բելգիական ակտիվները: Reuters-ի փոխանցմամբ` նման հայտարարությամբ հանդես են եկել Բելգիայի կառավարության ներկայացուցիչները` նշելով, որ գործարքի ընդհանուր արժեքը կարող է կազմել շուրջ 4 մլրդ եվրո: Միևնույն ժամանակ, նախատեսվում է նաև, որ Բելգիայի կառավարությունը կերաշխավորի բանկի ակտիվների շուրջ 60%-ը` 90 մլրդ եվրո ընդհանուր արժողությամբ:

Նշենք, որ մինչ այս եվրոպական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Ֆրանսիան, Բելգիան և Լյուքսեմբուրգը մշակում են համատեղ «փրկության» ծրագիր` ֆրանս-բելգիական Dexia բանկի համար, որը զգալի տուժել է եվրոպական պարտքային ճգնաժամի ներկայիս պայմաններում: «Փրկության» ծրագրի մանրամասնությունները կհրապարակվեն մոտ ապագայում:

Dexia ֆինանսական խումբը, որի ակտիվները գերազանցում են 500 մլրդ եվրոն, կարևոր նշանակություն ունի եվրոպական բանկային համակարգի կայունության համար, ինչով և պայմանավորված այս բանկի ֆինանսական խնդիրները հայտնվել են եվրոպական երկրների ուշադրության կենտրոնում:

Dexia-ն հիմնադրվել է 1996 թվականին` բելգիական  Credit Communal և ֆրանսիական Credit Locale բանկերի միավորման ճանապարհով:

Share