Բիզնես

Սամվել Կարապետյան. Հայաստանին մղում են Ռուսաստանից հրաժարվելու և պատմական ինքնաոչնչացման քայլին

Գործարար Սամվել Կարապետյանը հանդես է եկել հայ-ռուսական հարաբերություններում մտահոգիչ զարգացումների մասին հայտարարությամբ։

«Անհնար է անտեսել այն վտանգավոր ազդակներն ու միտումները, որոնք վերջին ամիսներին մեծ թափ են հավաքում Հայաստանում։

Այսօր տարբեր ուժեր բացահայտ կերպով Հայաստանին մղում են Ռուսաստանից հրաժարվելու և պատմական ինքնաոչնչացման քայլին։

Կարևոր է հենց հիմա կանխել այնպիսի որոշումների ընդունումը, որոնք անխուսափելիորեն կարող են հանգեցնել ծանր հետևանքների ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի համար։

Այս առումով, ինչպես և նախկինում, կարծում եմ, որ Արցախի ապագայի անվտանգության և նրա բնակիչների խաղաղ կյանքի միակ երաշխիքը պատմական այս դժվարին ժամանակաշրջանում Ռուսաստանի միջնորդությունն է խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում։

Հայաստանի իշխանությունները պետք է հավասարակշռված մոտեցում դրսևորեն, որը անվտանգության ամուր երաշխիքներ կտա և կկանխի Արցախի կորուստը։

Չի կարելի հաշվի չառնել նաև, որ Ռուսաստանի Դաշնությունն այսօր Հայաստանի ամենամեծ տնտեսական գործընկերն է, ռուս խաղաղապահներն Արցախի անվտանգության երաշխավորն են, մեր երկրներին միավորում են դարավոր գործընկերային, մշակութային և հոգևոր կապեր։

Այդ իսկ պատճառով այժմ, առավել քան երբևէ, կենսական նշանակություն ունի ճիշտ ընտրություն կատարել և պահպանել հայկական Արցախը աշխարհի համար», – ասված է գործարարի հայտարարության մեջ։

Share