Բաժին. Բիզնես

Բ. ԴՅՈՒԹՈՒԱ. «ՀՀ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՆ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՄԱՔԱՅԼ»

Երեկ` հոկտեմբերի 11-ին, տեղի ունեցած «ԱրմԹեք Կոնգրես 2011» համաժողովի ժամանակ «Orange Արմենիա» ընկերության Գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան հանդես է եկել «Համաշխարհային միտումները հեռահաղորդակցության ոլորտում» թեմայով զեկույցով, որը ներկայացնում էր ոչ միայն չափազանց արագ զարգացող այս ոլորտի էկոհամակարգը և ոլորտի առանցքային դերակատարներին ամբողջ աշխարհում, այլ նաև տվյալներ ամբողջ աշխարհում և Հայաստանում այս ոլորտի ծառայություններից օգտվողների «վարքագծի» և օգտագործման քանակական ցուցանիշների մասին: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Օրանժ-Արմենիա ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Ընդհանուր առմամբ, Բրունո Դյութուան իր զեկույցում ներկայացրել է տվյալներ շարժական լայնաշերտ կապի օգտագործման շարունակական աճի մասին. 2011թ. առաջին կիսամյակում այդ ցուցանիշն աճել է 77 տոկոսով: Համաշխարհային ցուցանիշների համաձայն` շարժական կապի միջոցով տեսանյութերի փոխանցման ծառայությունների ծավալը կազմում է 39 տոկոս, ընդ որում` միայն YouTube կայիքն բաժին է հասնում նշվածի 22 տոկոսը: Ըստ համաշխարհային ցուցանիշների` յուրաքանչյուր հաճախորդի մասով 3G մոդեմով իրականացված ներբեռնման/վերբեռնման միջին ամսական ծավալը կազմում է 2ԳԲ: Հետաքրքրական է այն փաստը, որ Հայաստանում Orange-ի ինտերնետ ծառայություններից օգտվողների պարագայում վերոհիշյալ ցուցանիշը 4 անգամ ավելի բարձր է: Հայաստանում իրենց Ինտերնետ Հիմա մոդեմով ինտերնետ ծառայություններից օգտվող 67,000 բաժանորդներից յուրաքանչյուրն ամսական սպառում է  միջինում 7-8ԳԲ:

Տվյալների փոխանցման շարժական ծառայությունների օգտագործման այս կտրուկ աճը կփոխի նաև օպերատորների բիզնես մոդելը: Նախատեսվում է, որ միայն 3 տարի անց օպերատորների կողմից շարժական ծառայություններից ստացվող եկամուտների 44 տոկոսը կստացվի միայն տվյալների փոխանցման ծառայություններից, ի տարբերություն 2006թ. գրանցված 22 տոկոսի:

Պատասխանելով լրագրողների հարցերին` կապված Ֆրանս Տելեկոմ Խմբի նախագահ Ստեֆան Ռիշարի կողմից արված այն հայտարարության հետ, թե հնարավոր է արդյոք, որ Orange-ը մուտք գործի հայասատանյան օպտիկամանրաթելային կապի շուկա, Բրունո Դյութուան պարզաբանել է, որ նշվածը վերաբերում էր միջազգային կապուղիներին, և որ  գաղափարը դեռևս քննարկման առաջին փուլում է և դեռ պետք է որոշակի գնահատականներ ստանա:

Share