Բաժին. Բիզնես

SONY ERICSSON-Ը ԵՌԱՄՍՅԱԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է ԶՐՈՅԱԿԱՆ ՇԱՀՈՒՅԹՈՎ

Բջջային հեռախոսների և հեռահաղորդակցական այլ սարքավորումների արտադրությամբ համաշխարհային առաջատար ընկերություններից մեկը` շվեդա-ճապոնական Sony Ericsson Mobile Сorporation AB-ն, ամփոփել է ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները` գրանցելով զուտ շահույթի զրոյական մակարդակ: Նշենք, որ 2010 թվականի այս նույն եռամսյակի արդյունքներով Sony Ericsson-ն ապահովել էր 49 մլն եվրո զուտ շահույթ:

Ինչպես նշվում է Sony Ericsson-ի տարածած հաղորդագրության մեջ` հաշվետու այս երեք ամիսների արդյունքներով ընկերության գործառնական շահույթը կազմել է 38 մլն եվրո` տարեկան կտրվածքով գրանցելով 44% անկում, իսկ հասույթն այս նույն ժամանակահատվածում կրճատվել է 1%-ով և կազմել 1.59 մլրդ եվրո:

Հիշեցնենք, որ վերջերս լուրեր տարածվեցին, որ Ճապոնական Sony ընկերությունը մտադիր է Ericsson ընկերությունից գնել իրենց համատեղ ընկերության բաժնետոմսերի 50%-ը և ձեռք բերելով ընկերության նկատմամբ ամբողջական վերահսկողություն` այն միավորել սարքավորումների արտադրությամբ զբաղվող իր մյուս ստորաբաժանումների հետ: Sony-ն նպատակ է հետապնդում այս քայլով առավել բարձրացնել արտադրական գործընթացների արդյունավետությունը և զարգացնել անլար տեխնոլոգիաների արտադրությունը: Ըստ վերլուծաբանների գնահատականների` Ericsson-ի մասնաբաժնի ընդհանուր արժեքը ճապոնական գործընկերոջ հետ ստեղծված համատեղ ընկերությունում կազմում է 1.3-1.7 մլրդ դոլար:

Sony Ericsson ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին:

Share