Բաժին. Բիզնես

BANK OF AMERICA-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՇԽԱՏԵԼ ՎՆԱՍՈՎ

Ամերիկյան խոշորագույն ֆինանսական կառույցներից մեկը` Bank of America (BofA) Corp. բանկն, ամփոփել է ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների իր գործունեության արդյունքները: Բանկի հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու ամիսների արդյունքներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Bank of America-ի կրած զուտ վնասը կրճատվել է 26%-ով և կազմել 1.499 մլրդ դոլար: Նշենք, որ 2010 թվականի առաջին ինն ամիսների արդյունքներով բանկը կրել էր 2.03 մլրդ դոլարի զուտ վնաս:

Ըստ ներկայացված տվյալների` ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում Bank of America բանկի զուտ տոկոսային եկամուտները կազմել են 33.9 մլրդ դոլար` տարեկան կտրվածքով գրանցելով 13% անկում:

Միևնույն ժամանակ, ընթացիկ տարվա միայն երրորդ եռամսյակի արդյունքներով Bank of America բանկն ապահովել է 5.9 մլրդ դոլարի զուտ շահույթ: Ընդ որում` մեկ բաժնետոմսին բաժին ընկող զուտ շահույթը կազմել է 0.56 դոլար:

Bank of America-ն ԱՄՆ խոշորագույն բանկերից մեկն է, որը սպասարկում է մոտ 50 մլն հաճախորդների: Այս բանկը մասնագիտացած է առավելապես ներդրումային ոլորտում և իր մասնաճյուղերն ունի աշխարհի ավելի քան 20 երկրներում: Bank of America-ին բաժին է ընկնում «ամերիկյան» ավանդների շուրջ 10%-ը:

Share