Բիզնես

ՔՈԱՖ-ը և ՀայՓոստը նորացված փոստային բաժանմունք և դեղատուն են բացել Դեբետում

2022թ. նոյեմբերի 3-ին Լոռու մարզի Դեբետ գյուղում տեղի ունեցավ ՀայՓոստի նորացված բաժանմունքի և բաժանմունքին կից գյուղի առաջին դեղատան բացման արարողությունը։ ՀայՓոստի նոր բաժանմունքը վերակառուցվել է ՔՈԱՖ-ի հետ համատեղ: Երկու կազմակերպությունների համագործակցության արդյունքում Դեբետի բնակիչների համար այսուհետ փոստային ծառայությունները կմատուցվեն ավելի հարմարավետ պայմաններում։

Նոր և ժամանակակից փոստային բաժանմունքը բնակիչներին կապահովի ՀայՓոստի ծառայությունների և ապրանքների ամբողջական փաթեթով՝ ունենալով մեկի փոխարեն երեք աշխատակից, ինչն էլ էապես կբարելավի հաճախորդների սպասարկումը:

Դեբետի առաջին դեղատունը՝ ՀայՓոստ Մեդը, համայնքին կապահովի բարձրորակ և մատչելի դեղորայքով, ինչպես նաև կունենա դեղեր պատվիրելու և առաքելու հնարավորություն: Մինչ այս Դեբետում չկար դեղատուն, որի պատճառով բնակիչները ստիպված էին ժամանակ և միջոցներ ծախսել մարզկենտրոն կամ մոտակա գյուղեր հասնելու համար:

Բացման արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը, ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանը, Փամբակ խոշորացված համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, Դեբետ գյուղի վարչական ղեկավար Անուշ Սարգսյանը և այլ հյուրեր:

«ՔՈԱՖ-ի առաքելությունն է բարելավել կյանքի որակը Հայաստանի գյուղական համայնքներում, և, համագործակցելով ՀայՓոստի հետ, մենք կարող ենք արագ վերափոխել ու արդիականացնել առկա ենթակառուցվածքները՝ քաղաքացիներին մատուցելով նրանց անհրաժեշտ որակյալ ծառայություններ»,- նշել է ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը:

«Սա նմանատիպ առաջին բաժանմունքն է, որը բացում ենք գյուղական բնակավայրում: ՀայՓոստը սոցիալական կարևոր գործառույթ է իրականացնում Հայաստանի բոլոր գյուղերում, և մենք շնորհակալություն ենք հայտնում ՔՈԱՖ-ին Դեբետ գյուղի այս բաժանմունքի նորացմանն օժանդակելու համար: Նշենք նաև, որ ՀայՓոստը գյուղական կյանքի բարելավմանը միտված նոր ծրագրեր ունի, որոնք առաջիկայում կներակայացնենք հանրությանը»,- նշել է ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանը:

ՔՈԱՖ-ի տնտեսական զարգացման ծրագրերն ուղղված են բիզնեսի և ենթակառուցվածքների զարգացմանը, որոնք նախատեսված են Հայաստանի գյուղական վայրերում տնտեսական աճ ապահովելու համար: 2004 թ.-ից ի վեր կազմակերպությունը վերանորոգել է 170-ից ավել ենթակառուցվածքային միավոր՝ այդպիսով 60-ից ավել գյուղերում նպաստելով աղքատության և սոցիալական խոցելիության նվազմանը:

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 66 համայնքների ավելի քան 107,000 բնակիչները: 2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել է 2018 թ. մայիսի 27-ին:

ՀայՓոստ ՓԲԸ-ն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կողմից նշանակված փոստային օպերատոր Համաշխարհային փոստային միությունում: Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր ՀայՓոստ ՓԲԸ-ն ողջ ՀՀ-ում ունի շուրջ 800 փոստային բաժանմունք, մատուցում է փոստային, փոստային – ֆինանսական և այլ ծառայություններ:

Share