Բաժին. Բիզնես

Երևանում մեկնարկել է «Այլընտրանքային ներդրումները Հայաստանում» միջազգային համաժողովը

Ֆինանսական աղբյուր՝ նորարարական ոլորտների զարգացման համար

Երևանում մեկնարկել է «Այլընտրանքային ներդրումները Հայաստանում» երկօրյա միջազգային համաժողովը, որին մասնակցում են ավելի քան 150 ներկայացուցիչներ Հայաստանից, Միացյալ Նահանգներից, Միացյալ Թագավորությունից, Կուրասաոյից: Համաժողովը մեկ ընդհանուր հարթակում է հավաքել ներդրողների, վենչուրային ընկերությունների, ընտանեկան գրասենյակների, ֆինանսական կառույցների, մասնավոր ընկերությունների, կառավարության և դեսպանատների ներկայացուցիչների: Միջոցառումը կազմակերպվել է Orion Worldwide Innovations-ի և BDO Armenia-ի համագործակցությամբ:

Վենչուրային և կորպորատիվ վենչուրային ֆոնդերը ֆինանսների աղբյուր են, որոնք ապահովում են ներդրումներ ստարտափներում, նորարարական նախագծերում՝ խթանելով տնտեսական աճը։ Միջոցառման օրակարգը ներառում է ոլորտի վերաբերյալ կարևոր թեմաները. մասնավոր կապիտալի համաշխարհային շուկայի միտումները, մասնավոր կապիտալը որպես այլընտրանքային ակտիվներ՝ խելացի փողով ներդրումներ անելու համար, ինչպես կարող է Հայաստանը տարբերվել միջազգային շուկայում և այլն:

Երկօրյա համաժողովի ամբողջ ընթացքում կաշխատի BDO Armenia-ի խումբը, որի մասնագետներն առաջնային խորհրդատվություն կմատուցեն ընկերություններին՝ հարկային և իրավական թեմաներով:

«Այլընտրանքային ներդրումների աղբյուրները կխթանեն փողի հոսքը դեպի Հայաստանի տնտեսություն՝ աջակցելով նորարար գաղափարներին, կբարձրացնեն արդյունավետությունը և հնարավորություն կստեղծեն ինստիտուցիոնալ կապիտալի կառավարման համար»,– նշել է «Orion Worldwide Innovations»-ի հիմնադիր տնօրեն Էմմա Առաքելյանը:

«Հայաստանի ֆինանսական շուկան այսօր բաղկացած է մոտ 10,3մլրդ. ԱՄՆ դոլարի վարկային ներդրումներից, 3,6 միլիարդի պետական պարտատոմսերից, 1,1 միլիարդի կորպորատիվ պարտատոմսերից, 670 միլիոնի թողարկված բաժնետոմսերից, իսկ մասնավոր կապիտալի ֆոնդերի կողմից տնտեսության մեջ տեղաբաշխված միջոցները 200 միլիոն դոլարից պակաս են։ Զարգացած ֆինանսական էկոհամակարգեր ունեցող երկրներում մասնավոր կապիտալի ֆոնդերն ունեն բանկային վարկավորման և արժեթղթերի շուկայի կապիտալիզացիայի հետ համադրելի ծավալներ։ Այս համաժողովի նպատակներից մեկն էլ այլընտրանքային ներդրումների առավել արագանցիկ աճին նպաստելն է, որը վերջնարդյունքում նպաստելու է տնտեսական աճին և հանրային բարիքի ստեղծմանը»,- նշել է BDO-ի Գործընկեր, Խորհրդատվական ծառայությունների ղեկավար Ալեքսանդր Շաղիկյանը:

Համաժողովի հիմնական նպատակն է Հայաստանում այլընտրանքային ներդրումների աղբյուրների աճի համար հնարավորությունների ստեղծումը: Միաժամանակ, համաժողովը Թվային Ջուղա ցանցի ակտիվացման կարևոր միջոցառումներից է՝ ի լրումն հայկական ստարտափների համար ներդրումների ներգրավման:

«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ «Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։ 

Share