Բաժին. Բիզնես

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ Է «ՍՏԱՏԻԿ IP-ՀԱՍՑԵ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է «Ստատիկ IP-հասցե» ծառայության գործարկման մասին: Այն նախատեսված է Hi-Line ծառայության անսահմանափակ սակագնային փաթեթների (բացառությամբ “Մեգա+” ՍՓ) բաժանորդ հանդիսացող ֆիզիկական  և իրավաբանական անձանց համար: «Ստատիկ IP-հասցե» ծառայությունն ապահովում է համակարգչի մշտական էլեկտրոնային հասցե, որը չի փոխվում համակարգի վերաբեռնավորման կամ ինտերնետին վերամիացման դեպքում: Այն կտրամադրվի ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդներին գրավոր դիմումի հիման վրա: Ծառայության ակտիվացումն անվճար է, իսկ ամսեկան բաժանորդավճարը կազմում է 500 դրամ: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

«Ծառայությունը հատկապես հարմար է այն բաժանորդներին, ում անհրաժեշտ է առանց դժվարության ապահովել իրենց համակարգչի հեռահառ հասանելիությունը, կիրառել  մասնագիտացված ծառայություններ կամ խաղեր, որոնք պահանջում են ստատիկ IP-հասցեներ: Այն հնարավորություն կընձեռի մեր բաժանորդներին առավելագույն արդյունավետությամբ և հարմարավետությամբ օգտվել Ինտերնետից տանը կամ աշխատանքի վայրում», – նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Նշենք, որ բաժանորդային վարձ չի գանձվում իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդներից, որոնք օգտվում են 1024 կբիթ/վ և ավելի բարձր արագությանբ անսահմանափակ սակագնային փաթեթներից:

Ստատիկ IP-հասցեն` համակարգչի ունիվերսալ մշտական IP-հասցե է, որը չի փոխվում կապի յուրաքանչյուր նոր սեանսի ժամանակ: Ստատիկ IP-հասցեն թույլ է տալիս բաժանորդին կազմակերպել համակարգչային տարբեր ծառայություններ, մասնավորապես, տեղեկատվության ուղիղ հասցեագրում հատկացված ստատիկ IP-հասցեին, վիրտուալ WEB-սերվերների կազմակերպում տնային կամ գրասենյակային համակարգչում առանց դոմեյնների օգտագործման և գրանցման, Ինտերնետի միջոցով հեռահար մուտքի հնարավորությամբ կորպորատիվ ցանցերի կազմակերպում և այլն:

Share