Բաժին. Բիզնես

«ԱՐՄԵՆԱԼ»-Ն ԻՐԱԳՈՐԾՈՒՄ Է ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆՎՃԱՐ ՍՆՆԴԻ ԾՐԱԳԻՐԸ

Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանում սկսվել է ՌՈՒՍԱԼ ընկերության հիմնական սոցիալական ծրագրերից մեկի իրագործումը: Այս տարվա աշնանից ներդրվել է լրավճար, որի շնորհիվ ձեռնարկության ողջ անձնակազմը` շուրջ 700 մարդ, ստանում է անվճար սնունդ:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են գործարանի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` գործնականում նորովի վերակառուցվել է գործարանի ճաշարանը, որի գործառույթները մինչև վերջերս կատարում էր ոչ մեծ մի բուֆետ` 25 նստատեղերով: Դրա համար անհրաժեշտ եղավ հիմնանորոգել մեծ տարածքը և ամրացնել տանիքը: Շինարարական աշխատանքի համար ձեռնարկության զարգացման հիմնադրամից հատկացվեց մոտ 60 հազար դոլար:

Սննդի կազմակերպիչն ընտրվել է բաց մրցույթի արդյունքներով: Չորս հավակնորդներից լավագույնը ճանաչվել է երևանյան «Պրիմա Լեքս» ընկերությունը: Մրցույթի պայմանների համաձայն` այն տրամադրել է ճաշարանի  սարքավորման և կահավորման լրակազմը` կահույք, օդորակիչներ և ամանեղեն: Գործարանը ծածկում է ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և ջեռուցման ծախսերը: Ծրագրի իրականացման ամենամսյա գումարը  կազմում է 21,5 հազար դոլար: Այժմ գործարանի բոլոր հերթափոխները, ներառյալ գիշերայինը, ապահովված են տաք սննդով: Նստատեղերի քանակն աճել է մինչև 82:

«Մինչև 2011 թ. վերջը մեկ աշխատողի համար լրավճարը հաշվարկված է 650 դրամի չափով, ինչը լիովին բավարարում է 3 ճաշատեսակներից բաղկացած ճաշի համար, իսկ հաջորդ տարի այդ գումարը կաճի  գրեթե մինչև 900 դրամ», – տեղեկացրել է ԱՐՄԵՆԱԼի անձնակազմի գծով տնօրեն Սվետլանա Լևենը:

ԱՐՄԵՆԱԼը ստեղծվել է Երևանում 2000 թ. մայիսին Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, այն Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից է, Կովկասում և Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողը: ՍԱՅԱՆԱԼ, ՙՈւրալսկայա ֆոլգա՚ և ՙՍայանսկայա ֆոլգա՚ ձեռնարկությունների հետ կազմում է ՌՈՒՍԱԼ ընկերության փաթեթավորման դիվիզիոնը:

Share