Բաժին. Բիզնես

GOOGLE-Ը ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է YAHOO!-ՈՎ

Ամերիկյան Google Inc. ինտերնետային ընկերությունը ներկայումս բանակցություններ է վարում մի քանի ներդրումային հիմնադրամների հետ` Yahoo! որոնողական համակարգի գնման ուղղությամբ: Այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները` հղում անելով սեփական վստահելի աղբյուրներին: Միևնույն ժամանակ, սակայն, հնարավոր այս գործարքի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ դեռևս չեն հրապարակվում:

Հատկանաշական է, որ Yahoo! ընկերության ակտիվների գնմամբ ներկայումս հետաքրքրված են նաև այնպիսի ներդրումային հիմնադրամներ, ինչպիսիք են Silver Lake Partners-ը, Providence Equity Partners-ը, Bain Capital-ը, Hellman & Friedman-ը և Blackstone Group-ը:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա սեպտեմբերին Yahoo! ընկերության գլխավոր տնօրեն Քերոլ Բարցը ազատվել էր աշխատանքից, և մինչ այսօր այս պաշտոնում նրան փոխարինող չի նշանակվել: Ընկերության գլխավոր տնօրենի պարատականությունները ժամանակավորապես ստանձնել է ընկերության ֆինանսական հարցերով տնօրեն Թիմ Մորսը։

Նշենք նաև, որ Yahoo!-ն ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների արդյունքներով գրանցել է զուտ շահույթի 18% անկում: Հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով ընկերությունն ապահովել է 762 մլն ԱՄՆ դոլարի զուտ շահույթ: Այս նույն ժամանակահատվածում համախառն հասույթը կրճատվել է 24%-ով և կազմել 3,66 մլրդ ԱՄՆ դոլար:

Yahoo! Inc. ընկերությունը հիմադրվել է 1994 թվականին: Ընկերությունը մատուցում է ինտերնետային ծառայությունների լայն տեսականի` միևնույն ժամանակ ներկայացնելով աշխարհի առաջատար որոնման համակարգերից մեկը: Ընկերության ծառայություններից օգտվում է շուրջ 500 մլն ինտերնետ-օգտագործող:

Share