Բաժին. Բիզնես

ORANGE-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Orange-ը շարունակում է համայնքային զարգացմանն ուղղված իր կորպորատիվ պատասխանատվության ծրագրերի իրականացումը: Տավուշի մարզի Տավուշ գյուղում բացվեց գերարագ ինտերնետով ապահովված համակարգչային արդիական կենտրոն, որը հիմնվել է Orange-ի, «Շեն» բարեգործական կազմակերության և համայնքի համատեղ ջանքերով:

1800  բնակիչ ունեցող այս գյուղում բացված համակարգչային սրահը համալրված է 6 համակարգչով, տպիչ/սկաներով, Orange-ի Flybox երթուղիչով և հարմարավետ կահավորանքով, որը գյուղի բնակիչներին հնարավորություն է տալու ոչ միայն կապի մեջ լինել աշխարհի հետ, այլ նաև մասնակցել համակարգչային դասընթացների: Նախագծի համար Orange-ն ընդհանուր առմամբ տրամադրել է 2,348,860 դրամ: Ինչպես նշեց գյուղապետ Արթուր Հովհաննիսյանը, գյուղում ընտանիքների միայն 10%-ն ունի համակարգիչ և ինտերնետ տանը, այնպես որ այս համակարգչային սրահը իսկական հանրային պատուհան կդառնա դեպի համացանց:

«Մենք հեռահաղորդակցության ծառայություններ ենք մատուցում, և մեր աշխատանքի նպատակն ու առաքելությունն է հաղորդակցման նորագույն միջոցները հասցնել բոլորին: Այս գիտակցությամբ ենք կառուցել ընդարձակ 3G+ ցանց և գերարագ ինտերնետը հասցրել մինչևիսկ սահմանամերձ բնակավայրեր: Կարծում ենք, որ հեռավոր բնակավայրերի բնակիչներին տալով մուտք դեպի ժամանակակից տեխնոլոգիաների աշխարհ` մենք ոչ միայն հեշտացնում ենք նրանց կյանքը, կրճատում հեռավորությունները մտերիմների միջև, այլ նաև թույլ տալիս շատ առումներով ունենալ նույն հնարավորությունները, ինչ մայրաքաղաքի բնակիչներն ունեն: Մեր կորպորատիվ պատասխանատվության փիլիսոփայության հիմքերից է` ծառայեցնել մեր տեխնոլոգիաները հեռավոր համայքների ներառմանն ու զարգացմանը», ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Ինչպես նախորդ նմանօրինակ ծրագրերի դեպքում, այս անգամ նույնպես համակարգչային սրահը կյանքի է կոչվել գյուղի համայնքի հետ միասնական ջանքերի շնորհիվ և գտնվելու է տեղական հասարակական կազմակերպություններից մեկի հոգածության տակ, ինչն էլ երաշխավորելու է ծրագրի հարատևությունն ու երկարատև հաջողությունը:

Orange-ի այս նախաձեռնությունն իրականացվել է հեռավոր և խոցելի համայնքների աջակցության և կայուն զարգացման ռազմավարական ծրագրի շրջանակներում, որի նպատակն է խթանել և աջակցել այդ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը և վերջիններիս հնարավորություն տալ օգտվել բարձր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից:

Share