Բաժին. Բիզնես

ՄԻԱՅՆ ԱՅՍ ՏԱՐԻ GOOGLE-Ը ԳՆԵԼ Է 54 ՍԹԱՐԹ-ԱՓ ՆԱԽԱԳԻԾ

Ամերիկյան ինտերնետային հսկա Google ընկերությունն ընթացիկ տարվա առաջին ինն ամիսներին շուրջ 1.44 մլրդ դոլար է ծախսել այլ ընկերությունների ակտիվների գնման նպատակով: Այս մասին նշվում է ընկերության կողմից ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին (SEC) ներկայացված փաստաթղթերում:

Համաձայն հրապարակված տվյալների` ընթացիկ տարում Google-ը հարցումների հիման վրա վարկանիշներ կազմող ամերիկյան Zagat ընկերության ակտիվների գնման համար վճարել է 151 մլն դոլար, գերմանական DailyDeal կայքի համար` 114 մլն դոլար, ծրագրայի ապահովության ոլորտում մասնագիտացված ITA Software ընկերության համար` 676 մլն դոլար: Միևնույն ժամանակ, Google-ը սթարթ-ափ շուրջ 54 նախագծերի գնման համար ծախսել է 502 մլն դոլար:

Հատկանշական է, որ այս գումարի մեջ ներառված չէ Google-ի կողմից բջջային հեռախոսների արտադրությամբ հայտնի Motorola Mobility ընկերության գնման գործարքի արժեքը: Նախատեսվում է, որ այս գործարքն իր վերջնակետին կհասնի  2012 թվականի առաջին եռամսյակում:

Share