Բիզնես

Մեծամորում գործարկվել է Mets & More-ը` սոցիալական նվիրումով ստեղծված հացաբուլկեղենի արտադրամասը

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և People in Need կազմակերպության համաֆինանսավորմամբ Մեծամորում հիմնադրված Mets & More անվանմամբ հացաբուլկեղենի արտադրամասը պաշտոնապես բացել է իր դռները։ Հացաբուլկեղենի արտադրամասը պարզապես ավանդական բիզնես գաղափար չէ։ Այն ներկայացնում է տեղահանված քաղաքացիների և հյուրընկալող համայնքի միջև սոցիալական համախմբվածությունը։

Արտադրամասը տեղակայված է կացարանի վերածված Մեծամորի միակ հյուրանոցի մոտ, որը ապաստան է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած անհատների համար։ Mets & More-ը յուրահատուկ է իր տեսակով. աշխատանքի հնարավորություն է տալիս տեղահանված և խոցելի բնակչությանը՝ երաշխավորելով  կայուն եկամուտ։ Արտադրամասի շահույթի մի մասը Մեծամորի համայնքապետարանի հետ գործակցությամբ կուղղորդվի Մեծամոր համայնքի զարգացման ծրագրերի իրականացմանը:

Հացաբուլկեղենի արտադրամասում պատրաստվում է տեղական և արցախյան հացի տեսականի և ոչ միայն․ մատնաքաշ, բատոն, բագետ, ծաղիկ հաց, թոնրի հաց (արցախյան), ժինգյալով հաց, թերթերուկ և այլն։

Զարինեն, ով տեղահանվել է Հարությունագոմեր գյուղից և ունի երեք երեխա, աշխատում է հացաբուլկեղենի արտադրամասում և շարունակում է արցախյան ժինգյալով հացի ու թերթերուկի պատրաստման ավանդույթը: «Թերթերուկը համեղ ու քաղցր հաց է՝ լցոնված խորիզով: Այն սովորաբար պատրաստում են ժինգյալով հաց թխելուց հետո», – նշում է նա։

Ֆիզիկայի ուսուցչուհի Անահիտը, ով Հայաստան է եկել Ուկրաինայից և նույնպես աշխատում է հացաբուլկեղենի արտադրամասում, մասնակցել է հացաբուլկեղենի դասընթացների`  ձեռք բերելով նոր հմտություններ հացաթխման և նոր տեխնոլոգիաների կիրառման մեջ: Նա վստահեցնում է, որ համեղ հացի գաղտնիքը սիրով պատրաստելն է ու աշխատանքային ջերմ միջավայրը:

People in Need-ը ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ 2020 թվականից հումանիտար աջակցություն է ցուցաբերել ՀՀ տարբեր մարզերում՝ ներառյալ անհրաժեշտ պարագաների տրամադրում Մեծամորում բնակվող տեղահանված ընտանիքներին։ Իսկ  Mets & More հացաբուլկեղենի արտադրամասը երկարաժամկետ լուծմանն ուղղված նախաձեռնություն է, որը նաև ներառում էր շենքի վերանորոգում, աշխատակիցների մասնագիտական դասընթացների մեկնարկ և բրենդի ճանաչելիության մշակում։

Share