Բաժին. Բիզնես

ԼՐԱՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ORANGE-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ՏԱՐԻՆ

Այսօր` նոյեմբերի 5-ին, լրացավ Հայաստանում Orange-ի ծառայությունների մեկնարկի երկրորդ տարին: Այս կապակցությամբ կազմակերպված մամուլի ասուլիսի շրջանակներում ընկերության տնօրեն Բրունո Դյութուան ամփոփեց գործունեության արդյունքները:

Այսպես, երկու տարի հայաստանյան շուկայում գործելուց հետո Orange-ն այսօր ունի 600,000 ակտիվ բաժանորդ, որոնցից 70,000-ը լայնաշերտ շարժական ինտերնետի բաժանորդներ են:

Ընկերության`  ամենաարդիական տեխնոլոգիաներով համալրված 3G+ ցանցն այսօր ծածկում է բնակչության ավելի քան 95%-ը և հասանելի է նույնիսկ հեռավոր գյուղական համայնքներում: Իր խոստմանը համաձայն` Orange-ն առաջարկում է ծառայությունների լայն ընտրություն և առաջարկ ունի ինչպես զանգվածային շուկայի, այնպես էլ բիզնեսի համար:

Orange-ը վերափոխեց սմարթֆոնների շուկան` սմարֆոնը թանկարժեք իրից վերածելով անհրաժեշտ գործիքի: Այսօր Orange-ի խանութներում կարելի է գտնել հեռախոսների և սմարթֆոնների ամենալայն պորտֆոլիոն` շնորհիվ համաշխարհային առաջատար բրենդերի հետ ուղիղ համագործակցության:

«Երկու տարի է անցել այն օրից, ինչ մենք մեր առաջին «բարև»-ը հղեցինք Հայաստանին: Երկու տարին կարող է փոքր ժամանակահատված թվալ, սակայն Orange-ի համար այն բավարար էր` լիովին վերափոխելու ինտերնետը ու նոր շունչ հաղորդելու ձայնային ծառայությունների շուկային: Մեզ համար երկու տարին բավարար էր, որպեսզի դառնանք մեր բաժանորդների վստահելի ընկերը, դառնանք կարևոր դերակատար երկրի տնտեսական և հասարակական կյանքում: Երկու տարի անց այսօր մենք կարող ենք փաստել, որ Orange-ը կայացած ընկերություն է, որն ունի իր ձեռագիրն ու իր ավանդը երկրի կյանքում», – ընդգծել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Այսօր մոտ 700 հոգի ուղղակի կամ անուղղակի կերպով աշխատում է Հայաստանում Orange-ի համար, որոնց միավորում են Orange-ի արժեքները և բաժանորդների յուրաքանչյուր օրը փոխելու ցանկությունը:

Orange-ը դարձավ այնպիսի փոփոխությունների հեղինակ, որոնք վերաբերում են բաժանորդներին իրենց ամենօրյա գործունեության մեջ. անվճար WiFi  ինտերնետ հանրային տրանսպորտում, կանգառներում և համալսարաններում, կինոյի երկու տոմս մեկի գնով, շարժական և անձնական WiFi ինտերնետ և այլն: Ընկերությունն  իր բազմաթիվ նախագծերի ու հովանավորության ծրագրերի միջոցով խթանեց ու խրախուսեց տաղանդվոր հայ երիտասարդներին ` Նորարարության մրցանակ, ԲԱՑ ԽԱՂ հայկական արտադրության համակարգչային խաղերի մրցույթ, ArmNet, Գրքի մրցանակ, Ազգային կինոյի մրցանակաբաշխություն  և այլն:

Հաստատելով իր ցանկությունը` իր տեխնոլոգիաներով ու գիտելիքներով օգտակար լինել հասարակության խոցելի խմբերին և հատկապես հաղորդակցման խնդիրներ ունեցողներին` ընկերությունը 2011թ. հիմնեց Orange Հիմնադրամը, որն իր գործունեությունն է իրականացնում առողջապահության (աուտիզմ, տեսողություն, լսողություն) և կրթության ոլորտներում: Orange-ի` «Լույս հայի աչքերին» մարզային ծրագրին աջակցության շնորհիվ այսօր հազարավոր մարդիկ անվճար ակնաբուժական օգնություն են ստանում:

Համարելով համաչափ զարգացումը որպես հաջողության բանալի` Orange-ը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանի մարզային բնակավայրերը` քաղաքներից մինչև ամենափոքր գյուղերը: Orange-ի ընդարձակ 3G+ ցանցի շնորհիվ այսօր ամենահեռավոր գյուղերի բնակիչները ստանում են նույն հնարավորությւոնները, ինչ մայրաքաղաքի բնակիչները` օգտվելու որակյալ և ժամանակակից հեռահաղորդակցության ծառայություններից, ավելին, ընկերությունը խոցելի համայքներում օժանդակում է հանրային օգտագործման ենթակառուցվածքների ստեղծմանը:

Երկրորդ տարեդարձի առթիվ ընկերությունը հանդես եկավ շրջադարձային և նորարարական առաջարկներով: Ընդամենը մի քանի օր առաջ ներկայացրեց նոր սակագնային պլաններ` Դելֆին, Պանտերա և Թիթեռ, որոնք եվրոպական միտումների նոր շունչն են հայաստանյան հեռահաղորդակցության շուկայում, արդեն  երեկ եվրոպական  մեծ շուկաներին զուգահեռ մեկնարկեց iPhone 4S-ի նախնական պատվերների ընդունումը, իսկ մոտակա օրերի ընթացքում կներկայացնի  տոնական առաջարկներ ինտերնետի և մուլտիմեդիա ծառայությունների ոլորտում:

Share