Բաժին. Բիզնես

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ. ԱՊՊԱ-Ի ԳԾՈՎ ՎՆԱՍՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՍԵԼ ԵՆ 2 ՄԻԼԻԱՐԴԻ

Արդեն շուրջ 10 ամիս է, ինչ Հայաստանում գործում է Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրությունը: ԱՊՊԱ շուկայի վաճառքների գծով առաջատար ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը, որի շուկայի բաժնեմասը կազմում է 33,5%, հանդիսանում է առաջնորդ նաև հատուցումների գծով: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Մամուլի ծառայությունից` այս տարվա սկզբից քաղաքացիների հայտերով վնասների ընդհանուր գումարը կազմել է գրեթե 2 միլիարդ ՀՀ դրամ:

Միևնույն ժամանակ, պարտադիր ապահովագրության ներդրման օրվանից սկսած` անցած ժամանակահատվածի ընթացքում, ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ Կոնտակտ-Կենտրոնը սպասարկել է 50900 զանգ, որից 11600-ը՝ ապահովագրական պատահարի վերաբերյալ (առավելագույն քանակը գրանցվել է հոկտեմբերին՝ ընդամենը 6610 զանգ, որից 1460-ը` ՃՏՊ-ի վերաբերյալ): Օրական միջինում ստացվել է 213 զանգ:  

Ընկերության հրապարակած վիճակագրության համաձայն` ամսական կտրվածքով գրանցվող դեպքերի քանակը աճում է արդեն 9 ամսվա ընթացքում, և հոկտեմբեր ամիսը բացառություն չէր՝ միջին ցուցանիշը հասել է օրական շուրջ 50 ՃՏՊ-ի:

Նշենք նաև, որ ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ Հայտերի Կարգավորման Կենտրոնը.

  • Քաղաքացիներից ընդունել է վնասների կարգավորման 7920 հայտ՝ շուրջ 1,75 միլիարդ ՀՀ դրամ գումարի չափով,
  • Պատճառված վնասների ընդհանուր գումարը կազմել է շուրջ 2 միլիարդ,
  • 7250 քաղաքացի արդեն ստացել է վնասի հատուցում՝ շուրջ 1,5 միլիարդ ՀՀ դրամ գումարի չափով,
  • Հատուցման պահանջը մերժվել է ընդամենը 34 դեպքում, ինչը կազմում է դիմում ներկայացնողների 0,4%-ը: Մերժումների հիմնական հիմքերն են նույն ֆիզիկական կամ իրավաբանական անձին կամ միևնույն ընտանիքի անդամներին պատկանող ավտոմեքենաների բախումը, ինչպես նաև դիմումը ներկայացնելու եռամսյա ժամկետի խախտումը:

Կամավոր ավտոապահովագրության (ԿԱՍԿՈ) գծով առավելագույն հատուցված գումարը գերազանցել է 8 միլիոն ՀՀ դրամ:

Ըստ ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ Հայտերի Կարգավորման Կենտրոնի տվյալների` տարվա սկզբից ՃՏՊ-ների արդյունքում գրանցվել է մարմնական վնասվածքների 322 դեպք, առավելագույն քանակը գրանցվել է սեպտեմբերին և հոկտեմբերին (51 և 47 դեպք համապատասխանաբար): 31 մարդ զոհվել է:

Հաշվի առնելով, որ Հայաստանի որոշ մարզերում արդեն գրանցվել են առաջին տեղումները, իսկ մոտակա օրերին եղանակային փոփոխություններ սպասվում են նաև մայրաքաղաքում և Հանրապետության այլ մարզերում, ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը խորհուրդ է տալիս իր ապահովադիրներին և Հայաստանի բոլոր ավտոսիրողներին ծանր ՃՏՊ-ներից խուսափելու նպատակով ավտոմեքենաների վրա հրատապ տեղադրել ձմեռային անվադողեր:

Share