Բաժին. Բիզնես

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ EXPO 2011» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, հայտնում է, որ ընկերության Կարիերայի զարգացման ծրագիրը ներկայացվել է «Կրթություն և կարիերա Expo 2011» տասներկուերորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին: Այն կազմակերպել է Logos Expo Center ցուցահանդեսային ընկերությունը` ՀՀ Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ:

Նշենք, որ այս տոնավաճառն ուսանողությանը ներկայացրել է ժամանակակից կրթական մեթոդների և մոտեցումների բազմազանությունը` նպատակ ունենալով խրախուսել ուսումնական հաստատությունների և բիզնեսի միջև համագործակցությունը, տեղեկացնել, թե որոնք են  շուկայում առավել մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունները, առաջարկել ՙգործատու-աշխատանք որոնող՚ հաղորդակցման ևս մեկ ուղի, խրախուսել պետական, մասնավոր և հասարակական սեկտորի ներկայացուցիչներին` կրթական նոր նախաձեռնություններ ներկայացնելու հարցում:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է ներդրում կատարել երիտասարդ հայրենակիցների ապագայի կերտմանն ուղղված ծրագրերում` նպատակ ունենալով աջակցել երիտասարդների մասնագիտացմանը, նպաստել նրանց կատարելագործմանն ու կյանքում իրենց տեղը գտնելուն», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Կարիերայի զարգացման ծրագիրը մենք մշակել ենք բիզնեսի և բարձրագույն կրթական հաստատությունների միջև կապի շարունակականություն ստեղծելու և աշխատանքի շուկայի պահանջներին համապատասխան` ուսանողների համար մասնագիտական զարգացման հեռանկար ապահովելու նպատակով»,- նշել է Ռալֆ Յիրիկյանը:

Կարիերայի զարգացման ծրագրի շնորհիվ, ուսանողներին հնարավորություն է ընձեռնվում տեսական գիտելիքները համադրել գործնականի հետ, աշխատանքային հմտությունները կիրառել և զարգացնել  իրական միջավայրում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի Կարիերայի զարգացման ծրագիրը ներառում է հետևյալ բաղադրիչները. գործնական դասընթացներ և մասնագիտական պրակտիկա` ընկերության համապատասխան վարչություններում, ՎիվաՍել-ՄՏՍ դպրոց, Բաց դռների օրեր, դասախոսություններ Հայաստանի բուհերում, սեմինարներ, տարբեր բնագավառներում մրցույթների կազմակերպում, ավագ դասարանների դպրոցականների համար մասնագիտական կողմնորոշմանն ուղղված հանդիպումների կազմակերպում, ՀՀ կրթության և գիտության նախարարության, բազմաթիվ հասարակական կազմակերպությունների հետ ուսումնական համատեղ ծրագրերի իրականացում և շատ ավելին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ընդլայնել է Կարիերայի զարգացման ծրագրի աշխարհագրությունը և փոխգործակցության հուշագիր է ստորագրել հայաստանյան և արտերկրի 39 բուհերի հետ: Բուհերում դասախոսությամբ են հանդես եկել նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները: Այդ մասնագիտական դասախոսություններն ունկնդրել է ավելի քան 500 ուսանող:

Ավելի քան 150 ուսանող օգտվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մեկ այլ հոգածությունից: Ընկերությունը նրանց օգնում է տարեկան ուսման վարձավճարների վճարման հարցում` մինչև բուհն ավարտելը: Շահառուների թվում հատուկ կարիքներով և սոցիալական դժվարին պայմաններում հայտնված ուսանողներ են:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է համարվել Հայաստանի լավագույն գործատուներից մեկը: Ընկերությունը հանրապետության ամբողջ տարածքում այսօր ունի ավելի քան 1200 աշխատակից, առաջարկում է շուկայում մրցունակ աշխատավարձ և փոխհատուցման համակարգ, այդ թվում` առողջության ապահովագրություն և ուսման վարձի վճարում:

Share