Բիզնես

Times-ը կազմել է աշխարհի ամենահարուստ ընտանիքների վարկանիշային ցուցակը

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Մուհամեդ բեն Զայիդ Ալ Նահայանի ընտանիքը Times-ի վարկանիշային ցուցակում ճանաչվել է աշխարհում ամենահարուստը:

Նշվում է, որ ընտանիքի հարստության հիմքը կազմում են էներգակիրների վաճառքից ստացված եկամուտները, ինչպես նաև գրագետ ներդրումային քաղաքականությունը, այդ թվում՝ միջոցների ներդրումը տարբեր ընկերություններում և անշարժ գույքի շուկայում:

Ալ Նահայանների կարողությունը գնահատվում է 300 միլիարդ դոլար: Այդ ընտանիքին է պատկանում Royal Group ընկերությունը, որտեղ աշխատում է ավելի քան 27 հազար մարդ, որոնք գործում են զանազան ոլորտներում՝ ֆինանսականից մինչև ռոբոտատեխնիկա: Ընտանիքին են պատկանում բաժնեմասեր Անգլիայի «Մանչեստր սիթի» ֆուտբոլային ակումբում, Իլոն Մասկի SpaceX  ընկերությունում և երգչուհի Ռիհաննայի Savage x Fenty նորաձևության տանը:

Վարկանիշային ցուցակի երկրորդ հորիզոնականում է ամերիկյան Ուոլթոն ընտանիքը՝ Walmart  խանութների ցանցի սեփականատերը, որի կարողությունը գնահատվում է 224,5 միլիարդ դոլար: Հնգյակ են մտել նաև Մարս ընտանիքը (160 միլիարդ դոլար)՝ հրուշակեղենի համանուն ընկերության հիմնադիները, Կոխ ընտանիքը (128,8 միլիարդ դոլար), որը կառավարում է Koch Industries արդյունաբերական կոնգլոմերատը, և Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքը (105 միլիարդ դոլար):

Share