Բաժին. Բիզնես

ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ 3 ՆՈՐ ՏԵՍԱԿ

Ամերիաբանկն առաջարկում է ՀՀ ֆինանսական շուկայում նախադեպը չունեցող հիփոթեքային վարկեր:  Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայութունից`  Ամերիաբանկն իր հաճախորդներին առաջարկում է, մասնավորապես,  նոր հիփոթեքային վարկերի հետևյալ երեք տեսակները.

1. Ավանդով ապահովված հիփոթեքային վարկ, որը վարկառուի համար ապահովում է վստահություն. եթե նա ապագայում ունենա ֆինանսական դժվարություններ, ապա վարկի մարումները կարող են կատարվել ավանդային միջոցներից: Այս վարկի դեպքում անշարժ գույքի ձեռք բերման համար կանխավճարի գումարը հաճախորդի կողմից ներդրվում է Ամերիաբանկում որպես ավանդ և ձևակերպվում է որպես դրամական միջոցների գրավ, կամ Ամերիաբանկում գործող ավանդն է ձևակերպվում որպես գրավ, ընդ որում, ընդունվում է նաև երրորդ անձի կողմից ներդրված ավանդը: Վարկի մնացած մասի համար գրավ է հանդիսանում ձեռք բերվող անշարժ գույքը: Երբ վարկի մարումները հասնեն այն աստիճանին, երբ մնա մարելու միայն անշարժ գույքի գրավով ապահովված մասը, ապա ավանդատուն կարող է ազատ տնօրինել ավանդի գումարը:

2. Այլ անշարժ գույքի գրավով ապահովված վարկ: Այս  վարկատեսակը նախատեսված է այն անձանց համար, ովքեր ցանկանում են անշարժ գույք ձեռք բերել արտերկրում կամ Հայաստանի այն մարզերում, որտեղ Ամերիաբանկը չունի մասնաճյուղ: Ընդ որում, չկա սահմանափակում ձեռք բերվող գույքի գտնվելու վայրի նկատմամբ: Այս դեպքում Բանկը գրավ է վերցնում ոչ թե ձեռք բերվող անշարժ գույքը, այլ Երևանում գտնվող անշարժ գույքը կամ այն մարզերում գտնվող անշարժ գույքը, որտեղ Բանկն ունի մասնաճյուղ:

3. Լրացուցիչ գրավով ապահովված հիփոթեքային վարկ, որը նախատեսված է այն անձանց համար, ովքեր չունեն բավարար չափով կուտակված կանխավճարային գումար` հիփոթեքային վարկ ստանալու համար, սակայն ունեն կայուն եկամուտ և լրացուցիչ անշարժ գույքի գրավ: Եվ այս վարկի համար սահմանված է ընդամենը 5% կանխավճար:

Share